«Տաշած քարը գետնին չի մնա». Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի մասին
Advertisement 1000 x 90

«Տաշած քարը գետնին չի մնա». Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը դրական է համարում Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելու որոշումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Հայկազ Բաղմանյանը լուրջ ճանապարհ անցած անձնավորություն է և արժանի էր այդ պաշտոնում նշանակվելուն: «Ես կարծում եմ, որ այդ նշանակումը նորմալ է. «Տաշած քարը գետնին չի մնա»,- ասաց Սարոյանը:

Դիտարկմանը, թե Հայկազ Բաղմանյանն ավելի վաղ ազատվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում թերացումների համար, Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ անթերի մարդ չկա: «Եթե դուք կարծում եք, որ կարող եք գտնել մարդ, ով թերություն չունի, չարաչար սխալվում եք: Աշխատող մարդը միշտ էլ թերություն ունենում է, չաշխատողը թերություն չի ունենում»:

Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Հայկազ Բաղմանյանն անցել է ամբողջ պատերազմով, միշտ առաջին գծում է եղել, դրա համար պետությունը նրան իր ծառայության համար փոխհատուցում է:



Նման նյութեր