ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ մարտի 28-ը համազգային սգո օր հայտարարելու հրամանագիր է ստորագրել: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Փաստաթղթում ասված է Սգո օրը երկրի ամբողջ տարածքում ՌԴ-ի պետական դրոշները խոնարհելու պետության ղեկավարի որոշման մասին, նաև ՌԴ-ի կառավարությանը հանձնարարված է՝ ՌԴ սուբյեկտների պետական իշխանության մարմինների հետ համատեղ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զոհվածների ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Բացի այդ, մշակույթի հիմնարկներին և հեռուստառադիոընկերություններին առաջարկված է Սգո օրը չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, 60-ից ավելի տուժածներ դիմել են բուժօգնության, նրանցից 15-ը գտնվում է ստացիոնարում:
Նաև տեղեկատվություն կա անհայտ կորածների մասին, բայց նրանց վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում:
Զոհերի թվով այս հրդեհը դարձել է երկրորդը Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբի ողբերգությունից հետո, որտեղ 2009 թվականի դեկտեմբերին զոհվեց 156 մարդ: ՌԴ-ի կառավարությունը որոշում է ընդունել 1 միլիոն ռուբլու չափով օգնություն ցույց տալ զոհվածների ընտանիքներին, համանման վճարումներ կկատարեն նաև Կեմերովոյի մարզի իշանությունները: