Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ իբրև Ս. Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի կարգ:
Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը:
Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:
Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, անարգվելը, Պետրոսի ուրանալը: