«Ինչպե՞ս ապրել, դատարկություն է ամբողջը: Ապրելու էլ ի՞նչ հետաքրքրություն… ոչ հարսանիք, ոչ ծնունդ, ոչ մի բան, վերջ, վերջացավ ամբողջը: Ոչ օղին, ոչ մի բան ինձ չի կարող հանգստացնել: Կորցնել նման արծիվ, նամ վագր… ոչինչ ինձ չի հանգստացնի»,- Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ցավն է պատմում Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհում որդուն և թոռանը կորցրած Սարգիս Խումարյանը:
Սարգիս Խումարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի տեսել, երբ նա եկել էր ծաղիկներ դնելու, իրենք շտաբում էին: Բայց կուզենար մի երկու խոսք ասել. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, պատժիր խստորեն: Իմ թոռնիկը, իննամյա տղան, կարող էր հայտնի ֆիզիկոս դառնալ, նա մի շարք մրցույթների մասնակից էր, նահանգապետի թոշակ էր ստանում: Գիտե՞ք ինչ հպարտություն ունեի ես»: