Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այդ չորս խաղերում լոնդոնյան ակումբը խփել է 11 և բաց թողել ընդամենը մեկ գնդակ: Կարծում եմ՝ գրանցված արդյունքը տպավորիչ է:
«Սթոք Սիթիի» հետ հանդիպումը, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ «Արսենալի» երկրպագուները շարունակում են հեռու լինել թիմից: Երեկ հանգստյան օր էր, սակայն «Էմիրեյթս» մարզադաշտը լեցուն էր մոտ 40 տոկոսով: Ֆանատները շարունակում են բոյկոտել Վենգերին, և մեծ է հավանականությունը, որ այս մասնագետը ամռանը պաշտոնանկ կարվի: Ստեղծված իրավիճակում Վենգերը ամբողջովին կենտրոնացել է Եվրոպա լիգայի խաղարկության վրա: Այս մրցաշարում հաղթանակը ոչ միայն Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն կտա, այլև պատմական կլինի:
Վենգերն իր կարիերայի ընթացքում ոչ մի տիտղոս չի նվաճել միջազգային մրցաշարերում, մասնավորապես եվրագավաթների խաղարկություններում: Ֆրանսիացի մարզիչն «Արսենալը» գլխավորում է 1996 թվականից: Եվրոպա լիգայի գավաթը իսկապես կարող է բեկումնային լինել թե՛ «Արսենալի» և թե՛ Վենգերի համար: Երեկվա հանդիպումից առաջ փորձագետների զգալի մասն «Արսենալի» մեկնարկային կազմում տեսնում էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս ճանաչվել է լոնդոնյան թիմի վերջին երկու ամիսների լավագույն ֆուտբոլիստ: Երկրպագուների համար ինչ-որ տեղ անսպասելի էր Մխիթարյանի՝ պահեստայինների շարքում լինելը: Պահեստայինների թվում էին նաև «Արսենալի» առանցքային խաղացողներ՝ կենտրոնական պաշտպան Կոսելնին և կենտրոնական կիսապաշտպան Գրանիտ Ջական:
Փաստորեն, Վենգերը խաղային երեք օղակներից առաջատար երեք ֆուտբոլիստների չէր ընդգրկել հիմնական կազմում: Ըստ բրիտանական մամուլի՝ այս քայլով Վենգերն ուղղակի խնայել է կարևոր ֆուտբոլիստներին Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալը» մրցելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: «Արսենալի» հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները միացել էին իրենց ազգային հավաքականներին՝ մասնակցելով ընկերական հանդիպումներին:
Մխիթարյանը «Արսենալի» կազմում այն երեք ֆուտբոլիստների թվում է, որոնք 4 օրվա ընթացքում իրենց ազգային հավաքականի կազմում առանց փոխարինվելու երկու հանդիպում են անցկացրել: «Արսենալի» դարպասապահը 180 րոպե խաղացել է Կոլումբիայի, իսկ կիսապաշտպան Էլնենին՝ Եգիպտոսի կազմում:
Ամբողջությամբ՝ 1in.am