Ճիշտ երկու տարի առաջ այս օրը՝ ապրիլի 2-ին, Հայոց բանակի զինվորներն ապացուցեցին՝ մեր մարտական ոգին անհաղթ է, հզոր ու անկոտրում: Արցախյան քառօրյա պատերազմը նոր ընթացք տվեց հայոց պատմությանը: Մենք այլևս առաջվանը չենք, հիմա ավելի քան երբևէ վստահ ենք, որ մեր խաղաղ քունը հայ զինվորը պատրաստ է անգամ կյանքով պահպանել: Իսկ թե ինչ դասեր քաղեցինք արցախյան պատերազմից և արդյոք քաղեցինք, Life.panorama.am-ը զրուցել է «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի հետ:
«Կարծում եմ՝ մենք այդքան էլ անզգա չենք, որ որևէ կերպ դասեր չքաղենք, բայց, ցավոք, ապրիլյան քառօրյա պատերազմից ավելի շատ ժողովուրդն է դասեր քաղել: Պետք է ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ 2016-ի ապրիլին, նաև մեր ամբարտավանության հետևանքն էր, որովհետև մենք խորը թմբիրի մեջ էինք ու մեծամտորեն մտածում էինք՝ վերջ, մենք այլևս հաղթած կողմ ենք և մեզ ոչինչ չի սպառնում, թուրքը մեզ որևէ բան չի կարող անել: Փոխարեն զգոնության դասեր տալու և պատմությունից դասեր վերցնելու անգամ, երբ թշնամին զորքեր էր կուտակում մեր դեմ՝ մենք կորցրինք զգոնությունը: Ապրիլյան պատերազմը եղավ նաև մեր հետախույզների թերի աշխատանքի շնորհիվ, որովհետև նրանք պետք է, որ իմանային, որ թշնամին մեր դեմ զորքեր է կուտակում, իսկ եթե չգիտեին, ապա դրա համար ևս պետք է պատժվեին:
Այս տեսանկյունից պետք է դասեր քաղեինք, և հիմա էլ պետք է շատ լուրջ փոփոխություններ լիներ, որը, ցավոք, իրականում չկա: Մեր մեղքերի մասին բարձրաձայնելու և լուծումներ գտնելու փոխարեն՝ այսօր էլ ամբարտավան հայտարարություններ են արվում»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Սրան գումարած՝ հիմա մեր վայ-գիտնականները սկսեցին հայտարարել, որ ամեն քոսոտ երկիր չի, որ կարող է ռամական արդյունաբերություն ունենալ: Իրականում, ավելի քան ակնհայտ է, որ հայ ինժեներները ռազմական արդյունաբերության մեջ լավագույն օրինակներն են կարողանում ստեղծել: Վերջին ռազմական արդյունաբերության ցուցահանդեսն ապացուցեց, որ մենք ավելի քան լուրջ մտավոր պոտենցիալ ունենք և բավարար ցանկության դեպքում մենք կարող ենք ոչ միայն ամբողջ բանակը լրջագույնս սպառազինել առանց օտար ազդեցության, այլև անհրաժեշտության դեպքում անգամ արտահանել»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am