Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։
Ինչպես տեղեկացրին Սուրբ Աթոռի մամուլի ծառայության գրասենյակից, օծման արարողությունը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ներկայությամբ։
Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով, արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջև։
Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը Վատիկանին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրելու գաղափարը ծագեց երկու տարի առաջ, Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, երբ Նախագահ Սարգսյանը Սուրբ Հորը նվիրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու փոքրիկ բրոնզե արձանը՝ հուսալով մի օր դրա խոշոր տարբերակը տեսնել Վատիկանի պարտեզներում։
Գրիգոր Նարեկացու մասին
Գրիգոր Նարեկացին եղել է միստիկ բանաստեղծ, հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա և սուրբ (951-1010): Նա հայոց պատմության առանցքային, գրեթե հերոսական դեմքերից է համարվում, քանի որ կերտել է արևելյան քրիստոնեական մտքի հիմնասյուները։ Որոշ առումներով, մտավոր տեսանկյունից նրան կարելի է համեմատել Դանթե Ալիգիերիի հետ և այս պատճառով գիտնականները նրան համարում են բացառիկ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։
2015 թվականի ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս Պապը առաքելական հռչակագրով նրան շնորհեց Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոսը, ինչի մասին հայտարարվեց նույն օրը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող հատուկ պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, ինչպես նաև Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ներսէս Պետրոս ժԹ Կաթողիկոսի ներկայությամբ։
Եկեղեցու վարդապետի տիտղոսը Գրիգոր Նարեկացուն շնորհվեց՝ հաշվի առնելով նրա նշանակալի վարդապետությունն ու սրբի կյանքը։
Կաթոլիկ եկեղեցին նրա հիշատակին տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ին։
Գրիգոր Նարեկացին փոքրուց հարուստ ուսում էր ստացել հոգևորական վարդապետ Անանիայից, որի շնորհիվ ծանոթացել էր հույն և արևելցի սուրբ հայրերի նշանավոր ստեղծագործություններին, և կարողացել ամենօրյա աղոթքը սնել սուրբ գրերի ոգով։ Նա իր կյանքն անց է կացրել ուսման, աղոթքի, այլոց կրթելու գործի մեջ՝ խորհրդածելով բնության մասին։ Իր ուսումնասիրությունների արդյունքում ստացած ավանդական գիտելիքը նա վերաշարադրեց քրիստոնեության պատմության մեջ նշանավորված բանաստեղծական վեհ լեզվով։
Մահից հետո Սուրբ Գրիգոր Նարեկացու մարմինն ամփոփվեց Նարեկա վանքում, որտեղ նա ապրել էր և որն իսկույն դարձավ սրբավայր՝ ի ճանաչումն նրա սուրբ կյանքի և հարուստ հոգևոր ժառանգության։
Գրիգոր Նարեկացու ամենանշանավոր աշխատությունը Մատյան Ողբերգությանն է, բանաստեղծության տեսքով գրված 95 աղոթքների հավաքածուն, որը բոլոր ժամանակների պոեզիայի և միստիկ գրերի մեծագույն գլուխգործոցներից մեկն է։ Գիրքը պատմում է հոգևոր ճանապարհորդության մասին, որի կենտրոնում մարդու հոգին է՝ իր վախերով, բարձր ձգտումներով և Աստծո հավատի քաղցով։ Դա մի վեհ բանաստեղծություն է, որը, ողբ լինելով հանդերձ, ի զորու է շահել Աստծո ողորմածությունը։ Այն ոչ թե լաց է, այլ խթան, որը հոգուն ճախրելու թևեր է տալիս։
Քանդակագործի մասին
Դավիթ Երևանցին մեր ժամանակների հայ նշանավոր արվեստագետներից է։ Ծնվել է 1940 թվականին Երևանում, ուսանել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, որտեղ զարգացրել է քանդակագործի իր առանձնահատուկ ոճը՝ հիմնված անտիկ ավանդույթների ժամանակակից վերամարմնավորման վրա։ 1974 թվականին բնակություն է հաստատել Փարիզում։ Ներկայումս ապրում և աշխատում է Փարիզում և Երևանում։
Երևանցին Փարիզի, Մոսկվայի, Պրահայի և Երևանի պատկերասրահների հավաքածուներում ներառված իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Չեխիայի Հանրապետությունում և այլ երկրներում։ 1960-ից 70-ական թվականներին նրա կերամիկական էքսպերմենտալ աշխատանքներն արժանացել են տարբեր մրցանակների։ Երևանցու քանդակագործական ամենահայտնի աշխատանքների թվում է հայ կոմպոզիտոր Կոմիտասի արձանը Փարիզում, ինչպես նաև հայկական ծագումով ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում։