Facebook-ը հայտնել է սոցցանցի օգտատերերի տվյալների անվտանգությանն ուղղված նորամուծությունների մասին
Advertisement 1000 x 90

Facebook-ը հայտնել է սոցցանցի օգտատերերի տվյալների անվտանգությանն ուղղված նորամուծությունների մասին

Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը հայտարարել է, որ մի շարք նորամուծություններ է գործարկում համանուն սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների անվտանգության բարձրացման համար: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է ընկերության հայտարարության մեջ, որը տարածվել է ապրիլի 4-ին: «Մենք հուսով ենք, որ այդ փոփոխություններն ավելի լավ կպաշտպանեն մարդկանց տեղեկատվությունը»,- նշված է դրանում:

Փաստաթղթի համաձայն՝ նորամուծությունները վերաբերել են հիմնականում տարբեր հավելվածների կողմից սոցցանցում օգտատիրոջ տվյալներ մուտք գործելուն: Այսպես, այժմ ծրագրերի համար ավելի բարդ կլինի միանալ մարդու օգտահաշվին. Facebook-ն ինքը կորոշի, թե օգտատերերը ցանկության դեպքում ինչ հավելվածներով կարող են մտնել իրենց օգտահաշիվ՝ նշելով լոգինը և նշանաբառը և այդ կերպ, այն բացելով կողմնակի ծրագրի համար, իսկ ինչ ծրագրերի համար՝ ոչ:

Բացի դրանից, Facebook-ն անջատել է հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով ծանոթ մարդկանց որոնման գործառույթը՝ որոշելով, որ նման տեղեկատվության հավաքումը կարող է չարագործների կողմից անձնական կյանքի գաղտնիքը խախտելու պատճառ դառնալ: Մշակողները նաև խոստացել են, որ այժմ օգտատերերը կկարողանան սոցցանցում իրենց ժապավենի վերևում տեսնել այն բոլոր հավելվածների ցանկը, որոնք օգտագործում են Facebook-ի օգտատիրոջ օգտահաշիվը, ինչպես նաև այն, թե ինչ տեղեկատվություն են նրանք հավաքում: