Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման զինծառայողները «Կամխուդ» զորավարժարանում անցկացված ստուգողական պարապմունքների շրջանակներում վերացրել են պայմանական քիմիական վարակման հետևանքները:
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում: Ըստ վարժանքների մտահղացման՝ պայմանական հակառակորդի ավիացիոն միջոցներով հասցվել Է ավիահարված և տեղի Է ունեցել տեղանքի մի հատվածի վարակում:
Հատուկ վարժանքի ընթացքում «տագնապ» ազդանշանով հետախույզ-քիմիկոսները 30 կիլոմետր երթ են կատարել ՌԽՄ-6 արդի քիմիական հետախուզական ավտոմեքենաներով, կատարել «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանի տարածքի դոզիմետրական և քիմիական ստուգում, անձնակազմի և ռազմական տեխնիկայի տարահանում չվարակված գոտի: Այնուհետև ստորաբաժանման մասնագետներն առաջին բժշկական օգնությունն են ցույց տվել պայմանականորեն տուժածներին, ինչպես նաև կատարել ավելի քան 500 զինծառայողների և շուրջ 1,5 հազար միավոր սպառազինության և ռազմական տեխնիկայի գազազերծում, ակտիվազերծում և հատուկ մշակում:
Ընդամենը ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման հատուկ վարժանքին ներգրավվել են շուրջ 200 զինծառայողներ և ավելի քան 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում նաև անօդաչու թռչող համալիրներ: