Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում կառուցվելիք «Վերածնունդ» երիտասարդական ավանը հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մասշտաբի սոցիալական նշանակության բնակարանաշինական ծրագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագիրը, որի արդյունքում կկառուցվի 1080 բնակարան, ապրիլի 7-ին ներկայացվել է նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ծրագիրը ներկայիս նախագահի նախանշած 2040 թվականի Հայաստանի դեմոգրաֆիական անվտանգությանն ուղղված համալիր միջոցառումների բաղադրիչներից է: «Ազգային հերոսի անունը կրող փողոցի հարակից տարածքում, որից քիչ հեռու գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, վեր է հասնելու մի ավան, որտեղ ապրելու են երիտասարդ ընտանիքներ, այնտեղ մանկան ճիչ է լինելու: Հենց սա է Վերածնունդը»,-ասաց Քարամյանը:
Նրա խոսքով` Հայաստանի նման փոքր երկրի համար այն շատ կարևոր իրադարձություն կլինի: «Նույնիսկ խորհրդային տարիներին այդ ծավալի կառուցապատում չի իրականացվել Երևան քաղաքում»,-ավելացրեց փոխնախարարը: Ավանի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2018-ի մայիսին և կավարտվեն 2021-ի սեպտեմբերին:
Երիտասարդական ավանի կառուցման համար ձեռքբերված հողամասի ընդհանուր մակերեսը 6.57 հեկտար է: Բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը կսահմանվի 276-296 հազար դրամ` լրիվ կամ մասնակի վերանորոգմամբ պայմանավորված:
Ավանում կկառուցվի 14 հարկանի 6 հատ երկմուտքանի և 4 հատ մեկ մուտք ունեցող մասնաշենքեր: Կկառուցվի նաև 23 հարկ ունեցող «Վերածնունդ» համալիրը, որի 8 հարկերում կտեղակայվեն կինոթատրոն, առևտրի և կենցաղ սպասարկման օբյեկտներ, իսկ 15 հարկերը կլինեն բնակելի նշանակության:
Համալիրը կունենա ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղեր, կկառուցվի մանկական խաղահրապարակ, սպորտային համալիր, մանկապարտեզ և հանգստի գոտի:
Ծրագրի շահառուներին տրամադրվող վարկային պորտֆելի ակնկալվող ծավալը 20 միլիարդ դրամ է:Վարկավորման նախընտրելի պայմաններն են` մինչև 20 տոկոս կանխավճար, մինչև 20 տարի մարման ժամկետ, մինչև 8 տոկոս տարեկան տոկոսադրույք, արժույթը` ՀՀ դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 52 միլիարդ դրամ: Բնակարանաշինական ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 1250 աշխատատեղ: