Facebook-ի աշխատակիցներն ապրիլի 9-ին սկսում են ծանուցել այն օգտատերերին, որոնց անձնական տվյալները կարող է ստացած լինել Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրման: Այս մասին հաղորդվում է այն բլոգում, որը վարում են սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչները:
Facebook-ում ճշտել են, որ «կիրազեկեն մարդկանց, եթե նրանց տվյալներն ի խախտումն կանոնների կարող են հանձնված լինել Cambridge Analytica-ին»: Բացի դրանից, օգտատերերը հնարավորություն կստանան ստուգելու, թե իրենց մասին ինչ տեղեկատվություն են ստացել օգտագործված հավելվածները: Սոցիալական ցանցի ներկայացուցիչներն ավելի վաղ ճշտել են, որ Cambridge Analytica-ն կարող է հավաքած լինել Facebook-ի մինչեւ 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ:
Մեծ Բրիտանիայի ընկերության նախկին աշխատակից Քրիստոֆեր Ուայլին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ճշտել է, որ խոսքը կարող է վերաբերել նաեւ ավելի մեծ թվով մարդկանց: Ընկերությունը մարտ ամսին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի:
Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար: