Երեկ՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Ալեքսան Կարապետյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 99 QG 998 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության, ինչպես նաև մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ մարզային փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները փորձում են վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերել ձորից և այն հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվելու է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: