Անչափահասին բռնաբարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. տասնչորսամյա աղջիկը հղիության պատճառով դիմել է բուժօգնության
Advertisement 1000 x 90

Անչափահասին բռնաբարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. տասնչորսամյա աղջիկը հղիության պատճառով դիմել է բուժօգնության

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին բռնաբարելու դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։

«2018 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11:05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ 31-32 շաբաթական հղիությամբ կենտրոն հետազոտության է դիմել Լոռու մարզի բնակչուհի՝ ծնված 2004 թվականին։

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասը դարձել է սեռական բռնության զոհ, և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Անչափահասը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով պարզվել են դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նկատի ունենալով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Խնդրում ենք  ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ անչափահասի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ ձեռնպահ մնալ վարույթի մասնակիցների՝ տուժողի և կասկածյալի նույնականացնող տվյալները, բնակության վայրի մասին տեղեկությունները հրապարակելուց։