ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը կանխատեսելի է համարում այն, որ մեր երկրի թշնամիները ստեղծված իրավիճակով ուրախանում են: Այդ մասին Կարեն Կարապետյանը նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութին, ըստ որի՝ արցախա-ադրբեջանական սահմանին զինուժի կուտակումներ են տեղի ունենում: Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել Արցախում, Կարեն Կարապետյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ բոլորիդ համար կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են, ավելին, մենք պետք է չբացառենք, որ այս իրավիճակից, երբ մենք կենտրոնացած ենք լինելու ներքին խնդիրների լուծման վրա, մեր արտաքին խնդիրները լուծել ցանկացողները կարող են շատանալ: Բոլորը, ովքեր այսօր որոշակի քայլեր են ձեռնարկում, միշտ այդ ռիսկը պետք է ունենան: Ես հասկանում եմ, որ լիդերները միշտ համարձակ մարդիկ են, բայց համարձակությունը չի ենթադրում, գիտեք ինչ, մաչոյություն, մենք պետք է մինչև վերջ հասկանանք, թե ինչ վտանգներ կան: Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այսօր միջազգային հաղորդումներից մեկը վերջում ավարտել է այսպես. «դե սա Հայաստանն է»:
«Մեր դուրը գալի՞ս է, որ բոլորը մեր երկրին վերաբերում են այնպես, որ ռեգուլյար այնտեղ հնարավոր է այսպիսի իրավիճակ: Տեսեք, ես ոչ մի դեպքում իրավունք չունեմ մեղադրելու մեր քաղաքացիներին, որ իրենք այլ կարծիք ունեն և իրենց կարծիքն ուզում են անցկացնել, լսեցնել, բայց ես խնդրում եմ բոլորիս, որպեսզի այդ կարծիքը համոզելու, ներկայացնելու, մշակույթ ձևավորվի: Չի կարելի քո կարծիքն անցկացնել ուրիշին բռնանալով, ուրիշի առօրյա կյանքը խաթարելով, ասելով՝ դու այս ռեժիմով պետք է անես: Սև ու սպիտակ չէ, հասկանում եք: Հիմա շատերն այս կարծիքին լինելով, ովքեր այլ կարծիքի են և գուցե հավաքված չեն, համախմբված չեն, որպեսզի ձևավորեն, որ իրենք այլ կարծիքի են, իրենց մեղադրում են, որ նրանք սև են: Ո՞ւր ենք հասնելու»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը: