Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարոյաքաղաքական ճնշո՞ւմ կիրառել պատգամաւորների վրայ ու այդ կերպ ստիպել նրանց ընտրել ոչ թէ իրենց նախասիրած, այլ այս կամ այն մարդուն թէկուզեւ որպէս արժեհամակարգի կրողի։ Ստիպե՞լ․․․ Նման բան կարելի է թոյլ տալ ինչ որ նպատակի, ծրագրի, քաղաքական կողմնորոշման վերաբերեալ, բայց առաջնորդ ընտրելու հարցով․․․ չի տեղաւորւում տրամաբանութեան մէջ։ Նման է նրան, որ մարդուն սպառնալիքով հարկադրես, մեղմ ասած, նախապատւութիւն տալ ոչ թէ իր ամուսնուն այլ այ մարդու․․․
Քննարկման արժանի այլ լուծումներ եւ գործողութիւնների ծրագրեր կան։ Օրինակ՝
ա) քանի որ ձեր ընտրած վարչապետը հրաժարական է տուել, ուրեմն նրան վարչապետ ընտրածներդ էլ պիտի հեռանաք․․․Այսինքն՝ խորհրդարանի ինքնալուծարում, որը կարող է եւ չընդունուել
բ) այս խորհրդարանը իր ամբողջական կազմով ճգնաժամ է ապրում եւ պէտք է կամաւոր հրաժարական տայ ․․․ Նոյնը…Այսինքն՝ խորհրդարանի ինքնալուծարում, որը կարող է եւ չընդունուել
գ) (սա ամենահեռանկարայինն է եւ ամենաարագընթացը) Քանի որ սահմանադրութիւնն ընդունուած է կեղծիքներով, նրա օգտին քուէարկել է քաղաքացիների առաւելագոյնը 30 տոկոսը (ապացուցելի է եւ վերստին ստուգելի միջազգային չեզոք կառոյցների միջոցով), ժողովրդի պահանջով ԱԺ-ն որոշում է ընդունում չեղարկել «Նոր» սահմանադրութիւնը եւ դրա արդիւնքում վերականգնւում է հին սահմանադրութիւնը։
Դրանից յետոյ, Նիկոլը 40 օրուայ ընթացքում դառնում է ոչ թէ վարչապետ, այլ նախագահ, իր մարդուն նշանակում է վարչապետ։ Տեղի են ունենում նաեւ նոր ԱԺ ընտրութիւններ։
Ոչ ոք իրեն թող չխաբի։ Նոյնիսկ Ն․ Փ․-ի վարչապետ ընտրուելու դէպքում անառարկելի չէ, որ ԱԺ նոր ընտրութիւններ տեղի կունենան։ Պարզապէս նոր խաղեր ու ժամանակի կորուստներ կունենանք միայն։
Կան նաեւ այլ՝ 100 տոկոսանոց տարբերակներ, որոնց մասին միւս անգամ․․․եթէ պահանջարկ կը լինի»։