SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ ապրիլի 27-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Մասիս քաղաքի Մասիս կայարանի բնակիչ՝ 67-ամյա Համլետ Խաչատրյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 20-ին իր աղջկա՝ 39-ամյա Լուսինե Խաչատրյանին խեղդամահ անելու եղանակով սպանելու մեջ։ Այդ օրը Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հայտնել էին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե և այնտեղ հայտնաբերել է Լ. Խաչատրյանի դին։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի և ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և Մասիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Դատաբժիկը, զննելով դին, հայտնել էր, որ Լ. Խաչատրյանը մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Խաչատրյանի նկատմամբ։ Դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խոհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Հ. Խաչատրյանը կալանավորվել է։
67-ամյա Հ. Խաչատրյանն է, ով խեղդամահ է արել իր 39-ամյա դստերը: