Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վիեննայում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի և նրա գրասենյակի տնօրեն Ֆրան Մարոևիչի հետ: Հանդիպումներում նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ ցուցաբերված հանցավոր վերաբերմունքը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այս մարդիկ ինձ շատ են օգնել դժվար ժամանակ»,- նշել է Լապշինը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ 2018-ը հռչակում է Ադրբեջանին պատժելու տարի: Լապշինը հայտնել էր, որ պատրաստվում է ողջ աշխարհին պատմել Ադրբեջանում իր հետ տեղի ունեցածի մասին: «Ինձ անընդհատ հարցնում են, թե ինչու եմ կպել Ադրբեջանին և որն է իմ վերջնական նպատակը: Շատ պարզ: Նպատակը նրանց իրենց հանցագործությունների համար ոսկե շեկելով (Իսրայելի փողը- խմբ.) պատժելն է. դա մեկ: Երկրորդ հերթին ցանկանում եմ աշխարհին տեղեկացնել այն մասին, թե ինչ է անում Բաքվի ռեժիմը՝ ոչ միայն ինձ հետ կատարվածը, այլ այն, ինչ նա անում է իր քաղաքացիների հետ»,- ասել էր Լապշինը՝ հավելելով, որ կջնջի «այդ կասպիական երկիրն աշխարհի իմ քարտեզից»: