Ինչու և ինչպես թավշյա հեղափոխություն. 09.02.2013. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Ինչու և ինչպես թավշյա հեղափոխություն. 09.02.2013. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագրի» նախագիծը, որ «ՀԺ»-ում տպագրվել է նախորդ շաբաթ, բավական լայն արձագանքների տեղիք է տվել, և սա ուրախալի է:

Ավելին, եղել են մարդիկ, ովքեր կատարել են գործողություններ, որ պայմանագրի նախագծում նկարագրված է, որպես դրան միանալու ընթացակարգ: Հետաքրքիր է, որ առաջին այդպիսի արձագանքի հեղինակը Լոս Անջելեսի բնակիչ է, իսկ երկրորդինը՝ Մոսկվայի: Սա, համաձայնեք, սիմվոլիկ է:

Այս փուլում, ինչպես հիշում եք, խոստացել էի պատասխանել քաղաքացիների հարցերին և դրանց կանդրադառնամ ստացման հերթականությամբ: Առաջին հարցի կամ հարցերի հեղինակը Վախթանգ Սիրադեղյանն է: Նա գրում է.

«Ողջույն. ողջունում եմ այս նախաձեռնությունը, միաժամանակ ունեմ մեկ-երկու հարց և դիտարկում.

1. Ի՞նչ է նշանակում Թավշյա հեղափոխություն (հոդված 4). իմ կարծիքով, այն պետք է բացել:

2. Հոդված 4.գ. անձի ինքնապաշտպանությունը ենթադրում է նաև բռնություն բռնացողի նկատմամբ. ինչպե՞ս է այն համադրվելու այս կետի հետ: Նաև Թավշյա հեղափոխություն կոչվածը կարող է ենթադրել բռնություն:

3. Առաջարկում եմ պայմանագրում ավելացնել Հոդված 9 հետևյալ բովանդակությամբ. «Պայմանագիրն ունենալու է իր կայքէջը, որում տեղ է գտնելու նաև ֆինանսական հոսքերի մասին տեղեկատվությունը: Շնորհակալություն»:

Հարգելի Վախթանգ. Թավշյա հեղափոխություն տերմինը, ինչպես գիտեք, ի սկզբանե վերաբերվել է Չեխոսլովակիայում, իսկ ապա՝ Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներում տեղի ունեցած պրոցեսներին, երբ անարյուն կերպով Կոմունիստական ռեժիմները հեռացվեցին և հաստատվեցին ժողովրդավարական կարգեր:

Քաղաքացիական պայմանագրի նախագծի տեքստում, նկատել եք անշուշտ, որ կա այսպիսի ձևակերպում. «Ժողովրդավարության գործնական կիրառումն, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով, իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից` խաղաղ, ընտրական ճանապարհով և այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը՝ համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած՝ ժողովրդի ազատ կամարտահայտման»:

Հիմա՝ ինչու է Պայմանագրի նույն կետում նշվում նաև Թավշյա հեղափոխության մասին: Շատ պարզ մի պատճառով: Արևելաեվրոպական Թավշյա Հեղափոխությունների իմաստն ու նպատակն այն չէր, որ իրենց Սահմանադրության մեջ ճոռոմ բառեր գրվեն ժողովրդավարության մասին: Նպատակը իրական ժողովրդավարության հաստատումն էր, բոլոր բաղադրիչներով, որոնցից առաջինը իշխանության խաղաղ-ընտրական փոփոխության և քաղաքական հարցերի խաղաղ լուծման հնարավորությունն է: Չեխոսլովակիան, ինչպես հիշում եք, խաղաղ, անարյուն ճանապարհով, նույնիսկ մասնատվեց, և հիմա նախկին Չեխոսլովակիայի փոխարեն Եվրոպայում կան Չեխիա և Սլովակիա: Այս բաժանման ցավոտ գործընթացը տեղի ունեցավ առանց զոհերի, պատերազմի և արյունահեղության:

Պատկերացրեք, թե որքան հեշտ կլիներ Ղարաբաղի հարցի կարգավորումը, եթե Ադրբեջանը լիներ ժողովրդավարական այդպիսի պետություն:

Ինչ վերաբերվում է Հայաստանին. չնայած, մեր երկրի Սահմանադրությամբ իշխանության ընտրական փոփոխության մեխանիզմ նախատեսված է, բայց այն չի գործում: Երրորդ հանրապետության պատմության գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններում հաղթել է իշխանությունը, այսինքն՝ Կոմունիստական ժամանակներից Հայաստանում այս իմաստով, դե ֆակտո ոչինչ չի փոխվել: Այս պայմաններում ի՞նչ տարբերություն, ուրեմն, Սահմանադրության մեջ կա՞ գրված Հայաստանը Ժողովրդավարական երկիր է, թե` ոչ: Միևնույն է, այդ դրույթը չի գործում ամենակարևորում, ամենակարևոր պահին:

Թավշյա հեղափոխությունն, ուրեմն, այնպիսի մի իրադարձություն է, որի արդյունքում իշխանություն ձևավորելու Ժողովրդի հնարավորությունը վերականգնվում է ոչ թե որպես մեկանգամյա իրադարձություն, այլ` որպես պարբերական մեխանիզմ: Առաջին անհրաժեշտ քայլն, ըստ այդմ, վիշապի նման այս մեխանիզմի գոյությունը թույլ չտվող, Ժողովրդավարությունը, որպես իմիտացիոն գործիք օգտագործող այս իշխանության հեռացումն է:

Հաջորդ հարցն է ծագում. երբ և ինչպե՞ս: Հայաստանում Թավշյա հեղափոխություն իրականացնելու օբյեկտիվ նախադրյալները, ինչպես նշեցինք, առկա են: Դա այն իրականությունն է, որ այսօր ունենք՝ ժողովուրդը զրկված է իր թիվ 1, իշխանության ձևավորման լծակից՝ սրանից բխող տնտեսական, սոցիալական, հանրային հետևանքներով: Թավշյա հեղափոխությունն իրականություն դարձնելու համար, ըստ այդմ, հարկավոր է առիթ: Հայաստանում հաստատված ավանդույթի համաձայն, այդպիսի առիթ դառնում են ընտրությունները՝ որոշակի պայմաններում: Դա պատահում է, երբ ընտրություններին մասնակցում է քաղաքական այնպիսի թիմ, որը հանրությանը փոփոխությունների վստահություն է ներշնչում, և հանրությունը գնում-քվեարկում է նրա օգտին: Եթե ընտրությունների պաշտոնական արդյունքները համընկնում են ժողովրդի կամարտահայտման հետ, և արձանագրվում է Ժողովրդական ընդդիմության հաղթանակը ընտրություններում, դա էլ է Թավշյա հեղափոխություն: Եթե ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն համընկնում ժողովրդական ընտրությանը, դա ցասում, բողոք, հսկայական էներգետիկա է առաջացնում, որը բերում է ետընտրական պրոցեսների:

Եվ այստեղ շատ կարևոր է այնպիսի առաջնորդության առկայությունը, որ ժողովրդի ցասումը կարողանա վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի՝ ի դեմս իշխանափոխության:

Ասածս չի նշանակում, թե Թավշյա հեղափոխություն կարող է տեղի ունենալ միայն ընտրական պրոցեսների կապակցությամբ: Բայց մենք պետք է իմանանք, որ ընտրական պրոցեսներում ամուր, վստահելի, բարձր վարկանիշ ունեցող իրական ընդդիմադիր թիմի մասնակցությունը Թավշյա հեղափոխության նախադրյալ է ստեղծում:

Ընտրություններից դուրս՝ նման պրոցեսների համար հարկավոր է առիթ: Հանրային հնչողություն ունեցող որևէ դեպք կարող է դառնալ այդպիսին, բայց նման առիթները կանխատեսելի չեն, այսինքն՝ չես իմանա` երբ, որտեղ, ինչ տեղի կունենա: Այնպես որ, իրական փոփոխությունների նախապատրաստվելու առաջին գործը ամուր, վստահելի, բարձր վարկանիշ ունեցող Քաղաքացիական թիմի ձևավորումն է, ով կկարողանա խոսել ժողովրդի հետ, և որի հետ կկարողանա խոսել ժողովուրդը:

Ի դեպ, նման կամային, թափանցիկ, կանխատեսելի թիմի գոյությունը ավելացնում է նույնիսկ, ընտրական իշխանափոխության հնարավորությունը, որը սակայն, էության մեջ նույն Թավշյա հեղափոխություն է: Ամփոփելով հարցը, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում առկա են Թավշյա հեղափոխություն իրականացնելու օբյեկտիվ նախադրյալները, և այդ նախադրյալների իրագործման համար անհրաժեշտ է ունենալ արկածախնդրությունից, կարճատեսությունից, պսեվդոպրագմատիզմից և պսեվդոռոմանտիզմից զերծ առաջնորդություն, որը վստահություն ներշնչի մարդկանց և հասկանա, որ ինքը ունի բացառապես մի առաքելություն՝ Քաղաքացիներին տանել հաղթանակի, հասկանա, որ ավանտյուրաներն ու երկչոտությունը հավասարապես անթույլատրելի են, և Քաղաքացիներին կանխատեսելի հաղթանակի տանելը` իրական ապագայի հասնելու միակ եղանակն է:

Ինչ վերաբերում է մեթոդներին, դրանք հանրահայտ են և հեծանիվ հորինելու կարիք չկա: Եթե կարճ նկարագրելու լինենք այդ մեթոդը, դրա մասին խոսել եմ դեռ տարիներ առաջ. 700 հազար մարդ Ազատության հրապարակում, 24 ժամ իշխանություններին հեռանալու համար: Այսօրվա խնդիրն, ըստ այդմ, 700 հազար, մեկ միլիոն մարդու վստահությանը հավակնող Քաղաքացիական թիմի ձևավորումն է:

Սիրելի Վախթանգ, հույս ունեմ, պատասխանեցի Ձեր հարցին: Եթե ոչ, համոզված եմ Ձեր անհամաձայնություններն ու դիտարկումները կարտահայտեք: ևս մեկ հանգամանք. քանի որ թերթում տարածքի սահմանափակության խնդիր կա, ձեր հղած մյուս հարցերին կանդրադառնամ հաջորդ անգամ: Իսկ ընթերցողներին հիշեցնեմ, որ Քաղաքացիական պայմանագրի նախագծին առնչվող հարցերը պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Սա շեշտում եմ հատուկ, որովհետև հարցեր հոսում են մի քանի աղբյուրներից, և դա տեխնիկական որոշակի բարդություններ է ստեղծում: ևս մի խնդիր. քանի որ հարցերի քանակն ու ծավալը բավականին մեծ է, հույս ունեմ դրանց հեղինակները համբերատար կգտնվեն՝ պատասխանների հրապարակման առումով: Էլեկտրոնային փոստով շատերին արդեն ծանուցել եմ, որ հարցերին պատասխանելու եմ ըստ ստացման հերթականության: Շնորհակալություն:

Նիկոլ Փաշինյան

haynews.am

09 Փետրվարի 2013 – 13:00



Նման նյութեր