ՀՀԿ-ի գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը
Advertisement 1000 x 90

ՀՀԿ-ի գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի անդամները քննարկում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության հետ կապված հարցեր:

Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը:

Ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը երկրում սկսված ակցիաների պատճառով ապրիլի 23-ին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին:

Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին, որտեղ, սակայն, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ:

Խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն մայիսի 1-ի ընտրությունից հետո հայտարարեց, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ:

Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ՀՀ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:

Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:



Նման նյութեր