Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է և ավելացրել, որ այն վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ կատարած աշխատանքի համար և նշել. 

«Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը առաջարկելու մոտիվացիան եղել է հետևյալը. ապահովել քաղաքական փոփոխությունների սահունությունն արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական կորպուսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում պետք է լրջորեն աշխատենք, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք կարևոր և կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը և միջազգային հեղինակությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գործադիրը չպետք է գնա պոպուլիստական ճանապարհով, իսկ բոլոր գործողություններն իրականացնելիս պետք է ունենա քաղաքացիների մանդատը: «Նրանք պետք է համոզված լինեն, որ մենք անում ենք առավել արդյունավետ քայլեր: Այս գործընթացի կազմակերպման ամենակարևոր դերակատարները փոխվարչապետներն են, և ես հաջողություն եմ մաղթում ձեզ գործունեության մեջ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև նախկին փոխվարչապետներին կատարած աշխատանքի համար:



Նման նյութեր