Կարևոր չէ, թե ինչպիսի մարդ ես դու, ինչի մասին ես երազում ու դեպի ուր ես ձգտում: Մեզնից յուրաքանչյուրի վերջնական նպատակը երջանիկ լինելն է: Բայց միշտ էլ գտնվում է մի բան, որը մեզ հեռացնում է այդ միակ երազանքից, և դա մենք ինքներս ենք, իսկ ավելի ստույգ՝ մեր սահմանափակումները, որոնք տարիներով կուտակվում են մեր շուրջը և որպես բետոնե պատեր՝ խոչընդոտում մեր երջանիկ կյանքին: Պատահաբար թե մտածված, մենք ամեն օր մեզ ինչ-որ բանում սահմանափակում ենք, թաքնվում ենք կյանքից նրա դրսևորումներից որևէ մեկի պատճառով, և պատկերացրեք, եթե մի օր այդ պատերը քանդվեն ձեր ներսում, որքան զարմանալի կթվա կյանքը: Ի դեպ, կարելի է նպաստել դրան և ինքնուրույնաբար մոտեցնել երջանիկ օրերը՝ ընդամենը շրջանցելով հետևյալ 20 սահմանափակումները:
- Այլոց խրախուսանքը…
Ո՞ւմ ինչ գործն է, թե ով ինչ է մտածում ինչ-որ մեկի մասին: Եթե դուք երջանիկ եք ձեր որոշումները կայացնելիս, ուրեմն դա է ճիշտ որոշումը, և կարևոր չէ՝ ինչ կասեն ուրիշները: Մտածեք, թե որքան դրական լիցքեր կստանաք, եթե դադարեք շարունակ ուրիշների կողմը նայել կամ նրանց կարծիքը հաշվի առնել՝ գուշակելով՝ արդյո՞ք դուր եկավ նրանց ձեր որոշումը, թե՞ ոչ: Բացի այդ, կեսից ավելի դեպքերում դուք չեք էլ կարող կռահել, թե ինչ են իրականում մարդիկ մտածում ձեր մասին: Ուրեմն արժե՞ ջանք թափել այդ ուղղությամբ: Խորհուրդներ, իհարկե, կարող եք լսել, բայց թույլ մի տվեք, որ ուրիշները որոշեն, թե ինչպես ապրեք ձեր կյանքը:
- Զայրույթ և վիրավորանքի զգացում…
Զայրույթը մեզ ներսից ուտում է: Այնպես որ, սովորեք հաշտվել նրանց հետ, ովքեր ձեզ կատաղության են հասցնում: Սա չի նշանակում, որ կարելի է թույլ տալ ուրիշներին օգտագործել ձեզ միայն այն բանի համար, որ խուսափեք սկանդալներից: Պարզապես պետք է սովորել կառավարել զայրույթն ու վիրավորանքի զգացումը, ցավը, որը մնում է ձեր ներսում: Հիշեք, որ նա, ով ձեզ բարկացնում է, վերահսկում է ձեզ: Կյանքն ավելի պարզ է դառնում, երբ դուք սովորում եք ներողություններ ընդունել, որոնք երբեք չէիք ստացել նախկինում: Որոշ մարդիկ կուտակում են վիրավորանքը, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Այդ զգացողությունները ձեզ զայրացնողին չեն վնասում, այլ միայն ձեզ:
- Կատարյալ մարմնի կերպարը…
Պետք չէ ականջ դնել գեղեցկության ինդուստրիայի պահանջներին, ձեր բարեկամների և ընկերների կարծիքին: Ձեր մարմինն այն քիչ բաներից է, որ իրականում ձեզ է պատկանում, և ո՞վ, եթե ոչ՝ դուք, պիտի որոշի, թե ինչպիսին այն պետք է լինի: Միակ բանը, որ նշանակություն ունի, այն է, թե ինչպես եք դուք ձեզ զգում, հարմարավե՞տ, թե՞ ոչ այնքան: Մնացածն էական չէ:
- Կատարյալ զուգընկերոջ կերպարը…
Կատարյալ զուգընկեր գոյություն չունի. Անգամ մի էլ երազեք: Մեզնից յուրաքանչյուրի մտապատկերում կա կատարյալ կերպար կամ գոնե այնպիսի օրինակելի որակների հավաքածու, որին պետք է համապատասխանի մարդը: Բայց կյանքը սովորաբար թքած ունի այդ ցանկի վրա և ծիծաղում է մեզ վրա: Ինչպիսի որակներ պետք է ունենա զուգընկերը, որպեսզի դուք երջանիկ լինեք: Նախ և առաջ՝ դուք պետք է սիրեք նրան ողջ սրտով, նրա կողքին ձեզ թեթև ու հարմարավետ զգաք, և հետո նա պետք է ձեզ ընդունի այնպիսին, ինչպիսին որ կաք: Հիշեք, որ նա կատարյալ չէ, ինչպես և դուք, և երբեք էլ երկուսդ կատարյալ չեք էլ լինելու: Բայց եթե նա թեկուզ մի անգամ ստիպել է ձեզ ծիծաղել, եթե նա ընդունում է, որ ինքն էլ մարդ է ու կարող է սխալներ գործել, եղիր նրա հետ և տուր նրան այն ամենը, ինչ կարողանաս: Մի փորձիր ցավ պատճառել նրան, փոխել նրան, և մի սպասիր նրանից ավելին, քան նա կարող է տալ: Ժպտա, երբ նա քեզ երջանկացնում է, գոռա, երբ քեզ զայրացնում է, և կարոտիր նրան, երբ կողքիդ չէ: Սերն ինքնին ծանր բան է, քանի որ կատարյալ մարդիկ չեն լինում, բայց կա մեկը, որը կարող է կատարյալ լինել քեզ համար:
- Կատարյալ կյանք…
Ինչպես կատարյալ զուգընկեր, այնպես էլ կատարյալ կյանք գոյություն չունի: Կյանքն այն է, ինչ դուք նրա մեջ ներդնում եք: Այնպես որ, եթե դուք պատրաստ չեք լրջորեն աշխատել ու ջանքեր գործադրել, նշանակում է՝ դուք ընտրում եք դժբախտ լինելը: Ձեր կատարած ընտրությունն անմիջականորեն ազդում է այն բանի վրա, թե ինչպես է անցնում ձեր կյանքը: Դուք կարող եք ստեղծել ձեր աշխարհը, բոլոր աշխարհներից ամենահիասքանչը:
- Դուք պատրաստվում եք հարուստ լինել…
Շատ մարդիկ իրենց կյանքն ապրում են այն մտքով, որ պետք միլիոնատեր դառնան: Չնայած այն բանին, որ դա ըստ էության վատ նպատակ չէ, դրա համար պետք է շատ աշխատել: Կարևորը, գտնել այնպիսի աշխատանք, որ ձեր կիրքը կդառնա, և դուք կկարողանաք ինքնաիրացվել, և այդ ժամանակ փողերն էլ կգան:
- Այն գաղափարը, որ բախտը ձեզ կժպտա…
Չարժե նստել ու սպասել, որ մի օր բախտ կոչվածը թակելու է ձեր դուռը, չնայած դա կարող է պատահել ամեն վայրկյան: Գնահատեք կյանքը, որն ունեք, և շնորհակալ եղեք այն բանի համար, ինչ ունեք: Հաջողությունը երբեք չի գա, եթե դուք նրան անհամբեր սպասում եք:
- Արդարացումներ…
Արդարացումների համար ժամանակ չկա, և մոռացեք «Ժամանակ չկա» արտահայտության մասին, քանի որ իրականում ժամանակ կա, չկա ցանկություն: Արդարացումը սոսկ ինքներդ ձեզ արդարացնելու փորձ է, երբ հերթական անգամ չեք անում այն, ինչ վաղուց պետք է անեիք:
- Նախկինների մասին մտքերը…
Դուք ինչ-որ պատճառով բաժանվել եք: Հիշելով նախկիններին՝ մտածում եք ոչ թե մարդու մասին, այլ միայն այն դասերի, որը ձեզ կյանքն է տվել, այն բանի մասին, թե ինչ եք դուք ստացել այդ մարդուց: Կանգ մի առեք զգացմունքների վրա հանդեպ մեկը, ով երբեք ձեզ հետ չի կարող լինել: Դա միայն կքայքայի ձեր նոր հարաբերությունները և կստիպի ձեզ տառապել:
- Համառություն…
Դժվար է ընդունել, որ դուք ինչ-որ բանում սխալվել եք: Պարզապես ուրիշ մարդիկ ավելի շատ գիտելիք ու ունակություններ են ունեցել ինչ-որ բան ավելի ճիշտ անելու համար: Այնպես որ, բավական է համառություն դրսևորել, պարզապես ընդունեք այդ փաստը: Մտածեք, թե ինչքան բան դուք կարող եք ստանալ, եթե փորձեք հասկանալ ու ընդունել բացի ձերից այլ կարծիք ևս:
- Բավական է հետաձգեք…
Դադարեք այսօրվա գործը վաղվան թողնել. Ապրեք այսօր: Եթե դուք շարունակ ինչ-որ գործ հետաձգում եք, մտածեք, իսկ արժե՞ այն ընդհանրապես երբևէ անել: Միգուցե դա իրականում ձեզ պետք էլ չէ, իսկ եթե պետք է, ապա դա արեք հիմա: Շարունակ հետաձգելը միայն մեղքի զգացում և սթրեսային իրավիճակ կապահովի ձեզ համար: Արժե՞ այդպես տառապել:
- Հիշողությունների բեռը…
Իմաստ չունի անվերջ քարշ տալ հիշողությունների բեռը, հատկապես՝ նախկին հարաբերությունների վերաբերյալ հիշողությունների: Եթե դուք ուժգնորեն սիրել եք ինչ-որ մեկի, կամ գոնե ձեզ այդպես է թվացել, ապա ենթագիտակցորեն նրան անդադար համեմատության մեջ կդնեք ձեր կյանքի նոր մարդու հետ, ինչը շատ տհաճ է, քանի որ նա ոչնչում մեղավոր չէ: Նոր հարաբերություններ ձևավորելով՝ ազատվեք հնից, և դա արեք ոչ միայն կյանքում, այլ առաջին հերթին՝ ձեր գլխում:
- Նեգատիվ…
Այն, ինչ ձեր գլխից մտքերի ու բառերի տեսքով դուրս է գալիս, իրականության տեսքով հետ է վերադառնում: Այնպես որ, փոխեք կյանքի ձեր կարգավորումները դեպի «ամեն բան լավ կլինի»-ն: Չկա ոչ մի անհնարին բան այն մարդու համար, ով հավատում է դրան:
- Ոչ ոքի մի դատեք…
Ինչո՞ւ է բոլորի համար այդքան կարևոր, թե ինչ է կատարվում ուրիշների կյանքում: Որքա՜ն շատ ժամանակ ենք մենք անցկացնում՝ քննարկելով ուրիշներին, իսկ նրանք էլ՝ մեզ: Քանի որ աշխարհը մեր մտքերի պրոյեկցիան է, մենք հստակ գիտենք, որ բոլորը քննարկում են մեզ, քանի որ մենք էլ ենք նույնն անում: Փակ շրջան է: պարզապես հիշեք: Դուք չեք եղել նրանց մաշկի մեջ, և, եթե անգամ թվում է, որ եղել եք, ո՛չ, չեք եղել: Ամեն մարդ իր խնդիրներն ունի ու կյանքի իր հանգամանքները, այնպես որ, մի դատեք մարդկանց:
- Նախանձ…
Երջանկությունը նրա մեջ չէ, որ ունենաք այն, ինչ ուզում եք, այլ՝ որ ուզենաք այն, ինչ ունեք: Անգամ սոցիալական ցանցերն են մարդկանց դժբախտացնում, քանի որ նրանք տեսնում են իրենց համադասարանցիներին, համակուրսեցիների ու ծանոթներին ու կանաչում նախանձից՝ իրենց նրանց ֆոնին ոչնչություն զգալով: Երբ հաջորդ անգամ նախանձից կմեռնեք, մտածեք այն մասին, թե կուզե՞ք արդյոք լինել այն մարդու փոխարեն, որին նախանձում եք: Հավանաբար՝ ոչ. Չէ՞ որ դուք սիրում եք ինքներդ ձեզ: Բացի դրանից, միայն արտաքին փայլը ոչինչ չի ասում: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ կյանքով է ապրում կամ ինչ է մտածում այն մարդը, որին դուք նախանձում եք: Մի խոսքով, դադարեք նայել ուրիշներին. եթե այս պահին ձեզ համար լավ է, նշանակում է՝ ամեն բան ճիշտ է, եթե ոչ, նշանակում է՝ պետք է անել այնպես, որ լավ լինի:
- Անվստահություն…
Երջանիկ մարդիկ, որպես կանոն, սեփական արժանապատվության զգացում ունեն: Միայն թե պետք չէ դա շփոթել սեփական էգոն գերագնահատելու հետ: Երջանիկ մարդիկ գոհ են իրենցից, վստահություն են ճառագում, չեն վախենում ցուցադրել սեփական արժանիքները: Անվստահ լինելու և ոչ մի պատճառ չկա: Եթե դուք ունեք գծեր, որոնք դուք ձեր մեջ ատում եք, կա երկու ճանապարհ՝ ընդունել դրանք կամ փոխել: Ամեն դեպքում մարդու մեջ կան բոլոր լավ և վատ գծերը: Դուք ինքներդ եք ընտրում՝ ինչպիսին լինել, միայն դուք, այլ ոչ՝ բնությունը:
- Կախված լինել ինչ-որ մեկից՝ երջանիկ լինելու համար…
Ոչ ոք, այս կյանքում ոչ մեկը չի կարող լցնել ձեր ներսի դատարկությունը, եթե այն կա: Ոչ ոք ձեզ չի երջանկացնի, եթե դուք դժբախտ եք: Ձեր երջանկությունն ինչ-որ մեկի հետ կիսելու համար նախ գտեք այն, ապա կգտնվի այդ մեկը ևս: Այնպես որ, ձեր երջանկությունը միայն ձեր ձեռքերում է:
- Անցյալը…
Անցյալով ապրել՝ նշանակում է՝ թաղել ներկան: Համաձայն ենք, սխալներ եղել են, բայց ո՞վ չի սխալվել: Ձեր հիշողությունների համար ճոխ թաղում կազմակերպեք, հիշեք միայն դասերը ու շարունակեք ապրել:
- Տոտալ վերահսկողություն…
Երբեմն պետք է պարզապես թուլանալ և թույլ տալ, որ կյանքն ընթանա իր ճանապարհով: Դուք չեք կարող ամեն բան վերահսկել, և պետք է հաշտվել դրա հետ: Այլապես դուք անընդհատ կնյարդայնանաք, կկատաղեք, իսկ արդյունքում՝ ոչինչ էլ չեք կարողանա անել: Պարզապես կան բաներ, որոնք ձեր վերահսկողությունից դուրս են, և որոնք պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան: Գլխավորը հավասարակշռությունն է:
- Սպասումներ…
Եթե դուք ոչնչի չեք սպասում, երբեք հիասթափված չեք լինի: Հաճախ մենք մտածում ենք, որ, եթե մենք այսպես ենք վարվում, ապա մյուսներն էլ պետք է նույն կերպ վարվեն: Դա զառանցանք է: Ոչ ոք ոչինչ ձեզ պարտք չէ: Ոչ ոք պարտավոր չէ ձեր նկատմամբ ազնիվ լինել, բարեհամբույր, մաքուր: Դուք էլ պարտավոր չեք: Ոչինչ չպետք է կատարյալ, հիասքանչ, դուրեկան, անմոռանալի լինի, սակայն հնարավոր է, որ լինի: Կլինի՝ լավ, չի լինի՝ մի վհատվեք: Պատրաստ եղեք ընդունել այն, ինչ կյանքն ուղարկում է ձեզ, և դուք երջանիկ կլինեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը