Այնպես է ստացվել, որ աշխատանքի բերումով աշխատել եմ ամերիկյան և գերմանական քաղաքական մշակույթում քաղաքական կամպանիաների վարման մասնագետների հետ։ Ասում են, որ Հայաստանում շուտով արդար ընտրություններ կլինի, այս իսկ պատճառով էլ ուզում եմ անդրադառնալ ժողովրդավարական քաղաքական մշակույթներին։
Ցանկացած ուժ ունի իր հենարանը։ Դա մեր իմացած հենարանը չի։ Մեզ մոտ կա իշխանություն ու ընդդիմություն։ Իրական հենարանն այդպիսին չի։ Դա այսպես ասած արժեքների կորիզն է, որի շուրջը կառուցվում է աջակիցների ընտրազանգվածը։ Հենարանը միշտ քոնն է, սակայն դրա հետ աշխատելը շատ նուրբ է, դրանից հեռանալը նշանակում է մեծացնել ընտրազանգվածը, սակայն միևնույն ժամանակ ցանկացած հեռացում կորիզի կողմից ընկալվում է դավաճանություն։ Սա էլ հենց քաղաքական արվեստն է, որ կարողանաս համոզել հենարանիդ, որ մեծացնում ես ընտրազանգվածը։
Եթե պարզ բացատրեմ սխեման, գոյություն ունի հենարանը, օպոնենտները և անկայուն միջինը։ Ու փորձը ցույց է տալիս, որ երբ պաշտպանում ես հենարանդ ու հարձակվում օպոնենտների վրա, կորցնում ես անկայուն միջինը /որը սովորաբար կազմում է ընտրազանգվածի 80 տոկոսը/։
Հայաստանում կան բազմաթիվ շահեր, արժեքներ ու խմբեր։ Ահա այս տարատեսակ մարգինալ խմբերի ցանկությունը ռեզոնանս առաջացրեց մեկ հարցում՝ Սերժ Սարգսյանի հեռանալու հարցում։ Սակայն սա չի նշանակում, որ մյուս հարցերում նույն ռեզոնանսն է լինելու։ Շատ խմբեր հակադիր դաշտերում են։ Մեր ընդդիմությունը միշտ հենվել է ակտիվ հենարանի վրա։ Հենարանը, ինչպես նշեցի, փոքր է։ Միշտ է այդպես, եթե չես կարողանում այն հետագայում ընդլայնել։
Այսօր ինձ համար հստակ է, որ կառավարությունը դեռևս իներցիայով ապավինում է այն ելույթների ու խոսքերի վրա, որոնք ժամանակին ուղղված էին կուռ հենարան կազմելու համար։ Մի փոքր շեղվեն՝ որակվելու են արժեքները դավաճանող։ Կրկնում եմ, սա ամենուր է այդպես։ Երբ ամերիկյան ծանոթ լոբիստ գործընկերոջս հարցրեցի, թե ինչպես են վարվում ռադիկալ համակիրների հետ, ասաց «… շատ զգույշ ու դժվար։ Նրանք առաջինն են մեղադրում, որ դանակով մեջքից հարվածում ես։ Ուստի պետք նրանցից միշտ հեռու մնալ ու ժպտալ»։
Նույնը Հայաստանում տեղի է ունենում այսօր։ Որպեսզի չկորցնես հանքարդյունաբերությունում աշխատողներին, հանքը չես փակում։ Ռադիկալ բնապահպանները մեղադրում են։ Որոշում ես շարունակել կուտակային ռեֆորմի պարտադիր բաղադրիչը – «դեմ եմ» շարժման ակտիվը մեղադրում է։ Որպեսզի չվնասես բիզնեսմենների հետ աշխատանքը և ներդրումները չկանգնեն, հաշվի ես նստում մեծահարուստների հետ – ակտիվիստների մի հոծ խումբ է մեղադրում։
Սա հենց պատասխանատու քաղաքական արվեստն է, չկորցնելով հենարանը, կարողանաս այն մեծացնել։ Եթե միայն մտածես հենարանիդ մասին, կստանաս այն նույն տոկոսները, ինչ ստացել եսո նախկինում։ Ակտիվ աջակիցները այդքանն են։ Մնացածը՝ անկայուն միջինն է։
Ես ազնվորեն այս պահին չեմ կողմնորոշվում, թե ինչ է ցանկանում մեր նոր կառավարությունը քաղաքական տեսակետից։ Հենվել նախկին աջակիցների հենարանի վրա՞, թե՞ ընդլայնել այն։ Գրողը տանի, կա նունիսկ ակտիվիստների մի քսան հոգանոց խումբ, որոնց սիրտը չհովացնող բան վախենալու է ասել։ Բայց ընտրությունների ժամանակ նրանք կազմելու են ընդամենը քսան ձայն։ ԱՅն ընդլայնելը կնշանակի կորցնել նրանց, բայց վաստակել ավելին։ Սա է քաղաքականությունը։ Ավելին ասեմ, օրինակ, Ռուսաստանի հարցում Նիկոլը կարողացավ անել այն ինչ ասում էի՝ ընդալյնել աջակիցներին՝ առանց կորցնելու հենարանը։ Սա նշանակում է դժվար ու նորովի աշխատանք։ Սա նշանակում է բացատրես, որ փոփոխություններ են լինում, որ հին մտածելակերպը նույնպես անրաժեշտ է փոխել, որ եթե նախկինում դեմ էիր հարկ վճարելուն, քանի որ չէիր վստահում իշխանությանը, այսօր հակառակը պիտի անես։ Որ հարկային դրույքաչափը նույնիսկ բարձրացնել է պետք։ Որ այսօր օրենքն ավելի խիստ է լինելու, քանի որ այլևս կրկնակի ստանդարտներ չեն լինելու։
Նախկին իշխանություններն այս խնդիրը չունեին։
Նախկին ընդդիմությունն էլ այս խնդիրը չուներ։
Առաջիններին բավարար էր գնել «անկայուն միջինի» ձայները։ Իսկ նախկին ընդդիմությանն էլ բավարար էր ըմբոստ ակտիվի ձայներով բավարարվելը։