Ըստ Bloomberg-ի, Չինաստանում ՀՀ նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի դեմ ԱՄՆ մեղադրանք է ներկայացվել խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավված լինելու համար: Ըստ ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի՝ 62-ամյա Մարտիրոսյանը և ՌԴ քաղաքացի Վիտալի Լեսկովը մեղադրվում են փողերի լվացման և կաշառակերության համար: Մարտիրոսյանը Չինաստանում Հայաստանի դեսպանն է եղել 1997-2001 թվականներին:
Մեղադրանքներում ներգրավված է նաև Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսը, որի դեմ գործ էր հարուցվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին և որի ընկերության շուրջ էլ ծավալվել է կոռուպցիոն սկանդալը: Նշվում է նաև, որ Մարտիրոսյանն ու Լեսկովն աշխատում են էներգետիկ ոլորտում խորհրդատվություններ տրամադրող միջազգային ընկերությունում: Նրանց կասկածում են փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու գործողությունների համար՝ ի շահ ԱՄՆ Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության:
Նրանք նպատակ են ունեցել պայմանագիր կնքել, որով ընկերությունը պետք է անհրաժեշտ սարքավորումներով ու ծառայություններով ապահովեր Ղազախստանից Չինաստան ձգվող գազատարի կառուցման գործընթացը:
Նշենք նաև, որ ըստ մեղադրական եզրակացության համաձայն ՝ Gravitas ընկերության հիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Կոնտոգուրիսը, Rolls-Royce-ի նախկին աշխատակիցներն ու ղեկավարները կաշառք են վճարել օտարերկրյա պաշտոնյաներին Rolls-Royce Energy Systems Inc.-ի հետ գործարքի մեջ մտնելու դիմաց: Rolls-Royce Energy Systems Inc.-ը Միացյալ Թագավորությունում գործող և ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, ծովային, էներգետիկ սեկտորների համար էներգետիկ համակարգերի համաշխարհային արտադրող և մատակարարող ընկերության դուստր ձեռնարկությունն է: