Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը: Այս մասին հայտարարել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
«Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել, խնդիրները` ծանոթ, անելիքները` հստակ, իսկ ապագան` լուսավոր ու տեսանելի:
Առաջնորդվելով այս հիմնարար մոտեցումներով` պաշտոնավարմանս տասնմեկ ու կես տարիների ընթացքում իմ գործընկերների հետ միասին աշխատել ենք հանուն, այլ ոչ թե ընդդեմ գաղափարախոսությամբ: Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզային տնտեսություն ունենալու համար: Մարզի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: