Արսեն Քարամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Քարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ Արսեն Քարամյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ առաջիկայում իր դիմումի համաձայն կազատվի պաշտոնից, որին նշանակվել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին:
«Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ում աջակցությամբ հնարավոր եղավ որոշակիորեն բարեփոխել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց հույսերն ու ակնկալիքները չեմ կարողացել արդարացնել: Արել եմ ուժերիս առավելագույնի չափով։
Միևնույն ժամանակ շարունակելու եմ ակտիվ հասարակական գործունեություն ծավալել՝ որպես ԵՊՀ Շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության նախագահ:
Մենք բարձր պատասխանատվությամբ շարունակելու ու ավարտին ենք հասցնելու երիտասարդ ընտանիքներին ուղղված սոցիալական բնակարանաշինական մեր բոլոր ծրագրերը՝ ճիշտ նույն պատասխանատվությամբ ու ճշգրտությամբ:
Խաղաղություն ու զարգացում մեր երկրին ու ժողովրդին: Շնորհակալ եմ»,- գրել էր նա: