Խոսրով Հարությունյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է, որ կառավարության ծրագիրը լինի չափելի։ Ախր դուք եղել եք, չէ, ԱԺ-ում միշտ, բա ինչի՞ չէիք պահանջում, օրինակ, մեծ տնտեսագետ Տիգրան Սարգսյանից, որի 60 էջանոց ծրագրից ես ժամանակին չեմ ալարել ու դուրս եմ գրել բոլոր պորտաբույծ բառերը, որոնցով փոխարինված էր չափելիությունը, թվերի ու տոկոսների բացակայությունը.
կատարելագործել – բառն օգտագործվել է 16 անգամ
խթանել – 18
նպաստել – 18
ընդլայնել – 21
աջակցել – 24
ավելացնել – 25
բարելավել – 36
ապահովել – 47 (սա, պարզ է, պետք է ապահով Հայաստանը հնարավորին չափ շուտ կերտելու համար):
Ծրագիրը կազմելու գործում իրենց ավելի համեստ դերն էին կատարել նաև «խորացումը» (օգտագործվում է շուրջ 10 անգամ), «ակտիվացումը», «բարձրացումը» և այլն: Բացի սրանցից, կառավարությունը մոտ 50 անգամ հավաստիացնում է, որ «շարունակվելու» և «շարունակական» են դառնալու գործընթացները, որոնք նախորդ տարիներին արդեն հաջողվել է «ընդլայնել»… 70 անգամ գործադիր մարմինը պարտավորվում է «ներդնել»: Դրական փոփոխությունների հասնելու համար կառավարությանը չի անտեսել նաև թերությունները, քանի որ ծրագիրը սահմանում է դրանք
կրճատել – 16 անգամ
նվազեցնել – 20 անգամ:
Իսկ առաջնությունը այնուամենայնիվ պատկանում է «իրականացնել» բառի բուն ու փոխաբերական իմաստով անորոշ դերբային, որն օգտագործվում է 104 անգամ, միայն թե անհասկանալի է, թե ինչպես է խեղճն իր գործառույթը կատարելու, քանի որ նույնպես զուրկ է ժամկետներից, թվերից ու տոկոսներից: