Դերասանուհի Զառա Սահակյանին արդեն տևական ժամանակ է, ինչ էկրաններին չենք տեսնում, իսկ դադարի պատճառների և այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը անկեղծ զրույց է ունեցել նրա հետ:
Հարցին, թե Զառային ինչու այժմ չեսնք տեսնում հեռուստանախագծերում և ե՞րբ կարող ենք սպասել, պատասխանեց.
«Ես դուրս եմ եկել այն տարիքից, որ ամեն պրոյեկտում երևամ, և առհասարակ, շատ էկրաններին երևալն էլ ճիշտ չէ, հոգնեցնում է. ժամանակ առ ժամանակ պետք է հանգիստ վերցնել ու հասկանալ, թե ինչ ես ուզում: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, այս պահին ընտրության առաջ եմ կանգնած: Մի քանի նախագծերից հրավերներ ունեմ, որոնցից պետք է ընտրեմ այնպիսինը, որը հարմար կլինի նաև գրաֆիկի իմաստով, քանի որ տղաս արդեն դպրոցական է ու համապատասխան ուշադրություն է պահանջում: Այս պահին «Վիտամին ակումբը» նոր նախագիծ է պատրաստում, որտեղ հավանաբար ես էլ կնկարահանվեմ»:
Զառային մարդիկ ծանոթ են բացառապես հումորային նախագծերից, քանի որ առաջարկները հենց նման պրոյեկտների կողմից են եղել, սակայն իրականում դերասանուհին պատրաստ է տարբեր ժանրերում ներկայանալ, քանի որ ունի համապատասխան կրթություն:
«Դա իմ ցավոտ թեման է: Այնպես է ստացվել, որ առաջարկները միայն հումորային նախագծերի շուրջ են եղել և ես միայն դրանց շրջանակում եմ հանդես եկել: Իհարկե, սիրով եմ անում այդ ամենը, բայց ինձ հետաքրքիր կլինի արդեն նաև այլ ժանրերում ներկայանալ, քանի որ ես պրոֆեսիոնալ դերասանուհի եմ: Իսկապես շատ կցանկանամ մի լուրջ ֆիլմում նկարահանվել, որից հետո տարիներ անց չեմ ամաչի և ուրախ կլինեմ, որ ժամանակին նման ֆիլմում եմ նկարահանվել»,- նշեց Զառան, իսկ հարցին, թե ըստ նրա՝ հեռուստադիտողն ինչպե՞ս կընդունի նրան դրամատիկ ժանրում, պատասխանեց.
«Միանշանակ որևէ բան ասելը դժվար է, քանի որ դա ընդամենը կանխատեսում կլինի: Եթե հանդիսատեսը առողջ է, ապա նրան տվյալ նախագծի և ներգրավված դերասանների որակն է միայն հետաքրքրելու, այլ ոչ թե այն, թե այդ դերը խաղում է Զառան, թե մեկ ուրիշը: Այսինքն՝ մարդիկ պետք է գնահատեն որակը, դերասաններին իր կերտած կերպարների հետ չնույնացնեն: Ամեն դեպքում, նկատում եմ, որ հասարակութունը սկսել է առողջ մոտեցում ցուցաբերել ամեն ինչի նկատմամբ: Այդ ամենը ժամանակի խնդիր է, ի վերջո՝ մենք շատ կոտրված արժեհամակարգեր ունեինք, որ գնալով վերականգնվում են»:
Հետաքրքրվելով, թե Զառա Սահակյանը երբևէ չի՞ մտածել թատրոն մուտք գործելու մասին, նշեց.
«Իհարկե, մտածել եմ, բայց ես միշտ ասել և կշարունակեմ կրկնել, որ նախընտրում եմ զբաղվել մեկ գործով, բայց դա անել լավ: Ես երբեք չեմ ընդունում, որ թատրոնի փորձի ժամին մարդը գնում է նկարահանման, որովհետև գումարի խնդիր ունի: Այդ ժամանակ հաստատ լիարժեք չես լինի, ինքդ քեզ հետ էլ անկեղծ չես լինի, տվյալ բանը կանես ուղղակի անելու համար, իսկ ես կյանքում չեմ արել և անում մի բան պարզապես անելու համար»:
Հարցին, թե Զառան սկզբունքայի մարդ և դերասանուհի է, նկատեց.
«Իրականում ես երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին, պարզապես ճակատագիրը այդպես դասավորվեց: Այո, ես որոշակի սկզբունքներ ունեմ: Երբեմն այս կամ այն նախագծի ղեկավարները ասում են պետք է կոմպրոմիսի գնալ, բայց ես դրանց դեմ եմ: Իրականում՝ ես կոմպրոմիսային մարդ եմ, բայց նաև մի պարզ ճշմարտություն կա, երբ գնում ես կոմպրոմիսի, տուժում է որակը: Ամեն ինչը ցույց է տալիս, որ լավ արդյունք ունենալու համար պետք է պահել ոսկե միջինը: Վստահ եմ, որ ժամանակը գալու է և բոլորն էլ այդպես են կարծելու: Դերասանից պետք է պահանջել լիարժեք աշխատանք, իսկ դերասանն էլ պետք է պահանջի լիարժեք պրոֆեսիոնալ մոտեցում»:
Անցյալ տարի Զառան տղայի և ամուսնու հետ մեկնել էր ԱՄՆ, որից հետո շատերը կարծում էին, թե Զառան մշտական բնակություն կհաստատի այնտեղ: Հարցին, թե դերասանուհին երբևէ մտադրություն ունեցե՞լ է հեռանալ Հայաստանից, ընդգծեց.
«Իմ կարիերայի հենց սկզբից ես միշտ էլ մեկնել եմ ԱՄՆ ու Եվրոպա՝ հյուրախաղերի: Հայաստանից գնալու հնարավորություններ միշտ եմ ունեցել, և չեմ ստի, երբ ժամանակին հիասթափություններ եմ ունեցել, մտածել եմ նաև հեռանալու մասին: Մտածել, բայց երբեք կտրուկ որոշումներ այդ ուղղությամբ չեմ կայացրել: Դա կլիներ վերջին քայլը, որը պետք է անեի, երբ ամբողջովին, ամեն ինչից հիասթափվեի»: