Դերասան Կարեն Ասլանյանը կրկին վերադառնում է հեռուստաէկրաններ: «Շանթ» հեռուստաընկերության նոր՝ «Այրված անուրջներ» հեռուստասերիալում նա մարմնավորում է գլխավոր հերոսին՝ ներկայացնելով մի բարի տղայի ով, սակայն, կամազուրկ է ու ծնողների կարծիքի դեմ անզոր:
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է նոր աշխատաքնի մասին:
««Շանթ» հեռուստաընկերությունից է սկսվել իմ կարիերան, այս հեռուստաընկերությունն ինձ շատ հարազատ է, այստեղ կարծես տանը լինեմ: Եվ հենց այդ հանգամանքից ելնելով, երբ հրավիրվեցի այս կերպարի համար քասթինգի, անմիջապես մեծ սիրով համաձայնեցի, իսկ հետո, երբ իմացա, որ անցել եմ, իսկապես շատ ուրախացա»,- պատմեց Կարենն ու շարունակեց.
««Այրված անուրջներն» ինձ առաջին հերթին իր սցենարով գրավեց: Նախ այն փաստը, որ չնայած սերիալի երկարատև լինելուն՝ այն ունի արդեն հստակ գրված պատմություն՝ սկիզբ, զարգացում և ավարտ, ինչն արդեն մեծ քայլ է. դա շատ է օգնում, որ դերասանը կարողանա ավելի արդյունավետ աշխատել իր կերպարի վրա: Հեռուստասերիալը սիրո մասին է, որը հայտնվում է ամենատհաճ իրավիճակներում հասարակական կարծիքի պատճառով: Ինձ համար շատ կարևոր է այն, որ մեր սերիալում չկա կրիմինալ տեսարաններ»:
Խոսելով իր հերոսի մասին՝ Կարեն Ասլանյանը պատմեց.
«Նախ պետք է ասեմ, որ ինձ համար շատ կարևոր է, որ կերտածս կերպարներն ինձ նման չլինեն, ու նաև ամեն անգամ նոր մարդու կերտել, որը ոչ մի կերպ նախորդին նման չի լինի: Այդպիսով ես ամեն անգամ որպես դերասան նորովի եմ բացահայտվում: Այստեղ կերպարս շատ բարի տղա է, նա շատ հարուստ է, ունի նյութական ամեն ինչ, բայց իր տեսակով չկողմնորոշված մարդ է: Միշտ ասում եմ՝ կերպարս դեռ հասունանալու ճանապարհ պետք է անցնի, և ամենաբարդը այդ ճանապարհը խաղալն է, որպեսզի հեռուստադիտողը գոնե սերիալի վերջում հասկանա, որ Լևոնը գնալով հասունանում է»:
Կարենը խոստովանեց, որ հեռուստասերիալի հաջողության գրավականներից մեկը նախանձելի աշխատանքային խումբն է, որտեղ ամեն մեկն ունի միմյանց նկատմամաբ հարգանք ու զիջողականություն:
«Բոլորս միտված ենք լավ աշխատանք ստեղծելուն և դրա համար համատեղ լավ աշխատանք է իրականացվում: Ուրախ եմ, որ այս թիմում եմ աշխատում, որտեղ ինձ իսկապես շատ լավ եմ զգում»,- հավելեց նա:
Կարեն Ասլանյանի հետ խոսեցինք նաև «Դեպի երազանք 2»-ի մասին, որտեղ նա իր մասնակցությունը չկարողացավ ունենալ, քանի որ արդեն ներգրավված էր «Դեպի անուրջներ» հեռուստասերիալում:
«Իհարկե, ափսոսում եմ, որ չկարողացա նկարահանվել նաև «Դեպի երազանք 2»-ում, այն ևս ինձ համար հոգեհարազատ նախագիծ է, քանի որ դրա առաջին մասում շատ մեծ սիրով եմ աշխատել»,- նշեց նա, իսկ հարցին, թե ըստ նրա, այդ նախագծի երկրորդ մասը կկրկնի արդյոք առաջին հաջողությունը, պատասխանեց.
«Երբ նկարահանում էինք «Դեպի երազանք»-ի առաջին մասը, մենք չգիտեինք, թե ինչ արձագանքներ ենք լսելու: Դա ցանկացած նախագծի հետ կապված անկանխատեսելի է: Ես միայն կարող եմ հույս հայտնել, որ նախագիծը դարձյալ կսիրվի հեռուստադիտողի կողմից»: