Երեկ՝ հունիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած Opel մակնիշի 35 ՏQ 644 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի 53/33 հասցեի դիմաց՝ Հայրենիք կինոթատրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 92-ամյա Կարապետ Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներ և Ճանապարհային ոստիկանության ծառայողներ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: