Արցախյան առաջնագծում վերջերս իրավիճակը բավական հանգիստ է։ Բայց և` թուլանալ չի կարելի, ռազմատեխնիկայի որոշակի կուտակումներ են նկատվում։ Միևնույն ժամանակ Արցախը, որը մշտապես պատրաստ է ցանկացած զարգացումների, ապրում է ամենօրյա կյանքով։
Հրադադարի ռեժիմի խախտումների քանակն իշխանափոխությունից հետո բավական ցածր է, Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ նախօրեին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է մարտական գործողությունների վերսկսմանը, ապա, նրա խոսքով, հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի դեպքերի նման զարգացմանը։
«Չեմ կարող ասել, որ սա աննախադեպ է։ Սա սովորական, ծանոթ իրավիճակ է։ Այն ծանոթ է մեզ երկար տարիներ»,- ասաց վարչապետը։ Դրան հաջորդում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հերթական ռազմատենչ հայտարարություններն այն մասին, որ «Արցախում պատերազմը չի ավարտվել», և որ Ադրբեջանի ԶՈՒ-ն համաշխարհային պատմության մեջ անհավանական հաջողությունների է հասել` կարողացել է «ազատագրել» 11 հազար հեկտար տարածք, որն առանց այդ էլ եղել է իրենց տիրապետության տակ։ Այդպես է ստացվել։
… Իսկ դու Արցախ ես գնում Շուշիով այն պահին, երբ գիշերվան հաջորդում է առավոտը, և թակում ես հյուրանոցի փակ դուռը, որտեղ այդ ժամին հյուրերի չեն սպասում։ Արթնացնում ես քնած աղջկան` նա Արցախի հիասքանչ բարբառով ինչ–որ բան է հարցնում, բայց դու չես հասկանում… Աղջիկը անցնում է սովորական գրական հայերենի, քեզ համար տրամադրում և կրկին գնում քնելու։
Ինձ պետք էր մի քանի ժամ անցկացնել մինչև առավոտ, երբ կարթնանա քաղաքը. մի փոքր ննջելով` իջա հյուրանոցի նախասրահ, գումարը վճարելու համար։ Աղջկան ստիպված եղա սպասել 15 րոպե, այնպես որ` անազնիվ մարդը տեսականորեն կարող էր հանգիստ գնալ և տնտեսել գիշերակացի համար վճարվելիք գումարը։
Այնուհետև Ստեփանակերտում էի։ Առավոտ էր. այստեղ ևս, կարծես թե ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում. սրճարանում լուրջ չժպտացող դեմքերով մարդիկ են նստած ժամերով, սակայն միևնույն ժամանակ չի կարելի ասել, թե նրանք անգործության են մատնված. անդադար ինչ-որ բան են քննարկում, հանգամանորեն և ժեստերով, ինչը պետք է ապացուցեր զրուցակցին բերված փաստարկների ծանրակշիռ լինելը։ Այնուհետև կտրուկ վեր են կենում ու ինչ-որ տեղ գնում։
Երեխաներին այստեղ, ինչպես նաև Հայաստանում, ամեն ինչ թույլատրված է։ Դե, գրեթե ամեն ինչ։ Մի տղա է մոտենում և քեզ ուշադիր զննում, կարծես թանգարանային նմուշ լինես։ Կժպտաս, ձեռքով կողջունես, նա կնայի քեզ ու կհեռանա` հանգիստ և արժանապատվորեն, ինչպես և բոլորն այստեղ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am