Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը
Advertisement 1000 x 90

Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Bloomberg գործակալությունը Bloomberg Billionaires Index-ի տվյալների հիման վրա կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը: Նշվում է, որ ամենահարուստ 25 ընտանիքների ընդհանուր կարողությունն ընդհանուր առմամբ կազմում Է ավելի քան 1 տրիլիոն դոլար: Վարկանիշի առաջին տեղն զբաղեցնում է Ուոլթոնների ընտանիքը, որն աշխարհում Walmart խանութների խոշորագույն ցանցի սեփականատերն է:

Հրատարակությունը Ուոլթոնների կարողությունը գնահատել է 151 մլրդ դոլար: Bloomberg-ի վարկանիշի արծաթը բաժին է հասել Քոխ ընտանիքին: Koch Industries կորպորացիայի հիմնադիր Ֆրեդ Քոխի որդիները՝ Չառլզը և Դևիդը, միագումար ունեն գրեթե 99 մլրդ դոլար: Ֆրենք Մարսի համանուն ընկերության հիմնադրի ժառանգները, իրենց հերթին, ունեն կարողություն, որը գնահատվում է գրեթե 88 մլրդ դոլար:

«Մարսը» առավել հայտնի է այնպիսի արտադրանքներով, ինչպիսիք են՝ M&Ms-ը, Milky Way-ը և Mars Bars-ը: Վարկանիշի չորրորդ տեղը կիսել են մի քանի ընտանիքներ, որոնք Anheuser-Busch InBev միջազգային ընկերության սեփականատերերն են, որը ներկայում աշխարհում գարեջրի խոշորագույն արտադրողն է: Bloomberg-ը դրա սեփականատերերի միագումար կարողությունը գնահատում է 54 մլրդ դոլար: Ամենահարուստ ընտանիքների հնգյակը եզրափակում են Hermеs ֆրանսիական նորաձևության տան հիմնադրի ժառանգները: Bloomberg-ի գնահատումներով, նրանք միագումար ունեն ավելի քան 49 մլրդ դոլար:

Bloomberg-ը նշում է, որ վարկանիշում տեղ են գտել միայն նրանց ազգանունները, որոնց ժառանգությունը թեկուզ մեկ անգամ փոխանցվել է սերնդից սերունդ: Բացի այդ, աշխարհի ամենահարուստ ընտանիքների թոփում չեն հայտնվել այն ընտանիքները, որոնց հարստության տերը միայն մեկ մարդ է: Նյութի մեջ նաև նշվում է, որ 25 ընտանիքներից բաղկացած ցուցակում ընդգրկվել է միայն երեք ասիական ընտանիք: Դա պայմանավորված է նրանով, որ չինացի բիզնեսմենների մեծամասնությունը համեմատաբար վերջերս է հարստացել, և չի հասցրել ժառանգությունը փոխանցել հաջորդ սերնդին: Bloomberg-ի փորձագետների գնահատումներով՝ մոտ ապագայում այդ իրադրությունը կարող է արմատապես փոխվել:



Նման նյութեր