Ինդոնեզիայի Բալի կղզու միջազգային օդանավակայանը փակվել է Ագունգ հրաբխի ակտիվանալու պատճառով: Այդ մասին հունիսի 29-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
Չեղյալ է հայտարարվել 450 չվերթ, 75 հազար մարդ ստիպված կլինի շտապ կարգով փոխել պլանները, նշում են տեղի իշխանությունները: Ագունգն սկսել է ծխալ հունիսի 28-ին: Նրա կատարից մոխրի ու ծխի 2,5 կիլոմետրի հասնող սյուն է բարձրացել: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ քամին կարող է մոխիրը բերել Ճավա՝ Ինդոնեզիայի ամենախտաբնակ շրջաններից մեկը:
Այդուհանդերձ, իշխանությունները չեն բարձրացրել վտանգի մակարդակը, այն դեռևս մնում է նարնջագույն: Ագունգն սկսել է ակտիվություն դրսևորել անցյալ տարի, այն ժամանակ նույնպես օդանավակայանը փակվել էր, հայտարարվել էր համատարած տարհանում: Սակայն այս տարվա սկզբին հրաբուխը հանդարտվել էր: Ագունգի ժայթքումը 1963 թվականին հանգեցրեց հազարից ավելի մարդու զոհվելուն: