Ո՞ւր են փողերը. զբոսաշրջիկները ծախսում են, իսկ Հայաստանի բյուջեն «զրնգում» է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ո՞ւր են փողերը. զբոսաշրջիկները ծախսում են, իսկ Հայաստանի բյուջեն «զրնգում» է. armeniasputnik.am

Հայաստանում զբոսաշրջությունը մաքուր բիզնեսի չպետք է վերածվի, այդ ոլորտը պետք է ինքնատիպ գաղափարախոսություն դառնա, կարծում է զբոսաշրջային փորձագետ Արմեն Երանոսյանը։

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ճանապարհորդները Հայաստանում մեծ գումարներ են ծախսում, բայց պետբյուջեում այդ միջոցները չգիտես ինչու չեն երևում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ճանապարհորդի ակումբ» տուրիստական կազմակերպության ղեկավար Արմեն Երանոսյանը։

Նրա խոսքով` Հայաստանը զբոսաշրջության նախարարություն ձևավորելու կարիք ունի, որն ամբողջությամբ պետք է վերահսկի ոլորտը։ Իսկ այսօրվա դրությամբ, ինչպես կարծում է փորձագետը, ոլորտը մեծ մասամբ քաոսային է գործում։ Երանոսյանը նաև կասկածով է վերաբերվում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներին։

«Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով` միայն 2017 թվականին հանրապետություն է այցելել 1,5 մլն զբոսաշրջիկ։ Ենթադրենք` նրանցից միայն մեկ միլիոնն է եկել որպես զբոսաշրջիկ։ Սա նշանակում է, որ տարվա ընթացքում յուրաքանչյուր օր երկիր է այցելել 2740 մարդ, որոնք ժամանել են ինքնաթիռով»,- նշեց փորձագետն` ավելացնելով, որ այդ պարագայում «Զվարթնոց» օդանավակայանը զբոսաշրջիկներով լեփ-լեցուն 9 հատ Airbus A320 պետք է ընդունի ամեն օր։

Իսկ օրական 2740 զբոսաշրջիկ սպասարկելու համար պրոֆեսիոնալ զբոսավարներով 50-տեղանոց 105 ավտոբուս է անհրաժեշտ։

Երանոսյանն առանձին անդրադարձավ պրոֆեսիոնալ զբոսավարների խնդրին։ Նրա խոսքով` ոչ ոք չի զբաղվում նոր կադրեր պատրաստելով, եղածներին վերապատրաստելով և որակավորումը բարձրացնելով։

«Իսկ հիմա պատկերացնենք մի իրավիճակ. օտարերկրյա հյուրերը հանկարծ որոշել են ավտոմեքենա վարձակալել կամ օգտվել տաքսի ծառայություններից։ Ի՞նչ պետք է անի այն զբոսաշրջիկը, որին զբոսավարը չի դիմավորում։ Նա ստիպված պետք է ինքնուրույն զբոսնի և տեղեկություններ փնտրի համացանցում։ Դա ճիշտ չէ։ Զբոսաշրջիկներին պետք է դիմավորի զբոսավարը և նրանց երկրի ճիշտ պատմությունը պատմի»,- ասաց Երանոսյանը։

Փորձագետը ևս մեկ օրինակ բերեց. մեր երկիր այցելած զբոսաշրջիկը սննդի համար օրական միջինը 10000 դրամ է ծախսում (20 դոլար) ։ Ստացվում է` եթե զբոսաշրջիկը երկրում 7 օր է անցկացնում, ապա տարեվերջին երկրի բյուջեն պետք է համալրվի մոտ 7 մլրդ դրամով (14 մլն 52280 դոլար)։

Ստացվում է, որ զբոսաշրջության ոլորտը մեր երկրին ֆանտաստիկ գումարներ է բերում, կարծում է Երանոսյանը։

Եթե իսկապես այդքան զբոսաշրջիկ է այցելում Հայաստան, ապա ո՞ւր են այդ դեպքում գնում գումարները, հարցնում է փորձագետը։

«8 տարվա ընթացքում մենք լսում ենք, թե ինչպես են Տաթևում զբոսաշրջիկների ծախսած միջոցներն ուղղվում են համալիրի վերականգնմանը, բայց միայն մեկ փոքր եկեղեցի է վերակառուցվել։ Ինչո՞ւ»,-բողոքեց խոսնակը։

Նրա խոսքով` նման խնդիրները շատ են։ Ստացվում է` կա՛մ վիճակագրական տվյալներն են սխալ, կա՛մ զբոսաշրջությունն այն ոլորտն է, որը ոչ ոք չի կառավարում։

armeniasputnik.am