ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է որպես վկա: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Սեյրան Օհանյանը հարցաքննվել է որպես վկա: Այս պահին չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել և մեր հետագա քայլերի մասին խոսել: Այն, ինչ կատարվում է այս քրեական գործով և, ընդհանրապես, ՀՔԾ վարույթի բոլոր քրեական գործերով տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի քննությանը»,- ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀՔԾ պետը հաստատեց, որ վերջինս երկրից բացակայում է: Մեղադրյալին հայտնաբերելու քայլերի մասին հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց. «Չեմ կարող գաղտնազերծել մեր գործությունների հաջորդականությունը և բացահայտել դրանք ողջ ծավալով»:
ՀՔԾ պետը հաստատեց, որ հարցաքննության հրավիրելու ծանուցում է ուղարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա հրավիրվել է որպես վկա:
«Հրավիրվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևիցե տվյալ հայտնել մարտի 1-ի հետ կապված: Որևիցե կաշկանդվածություն, կապված անունների, կամ զբաղեցրած պաշտոնների հետ, չկա»,- եզրափակեց Խաչատրյանը: