ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ սպաների բնակարանային խնդրի համար միջանկյալ լուծում է գտնվելու: Հարցը քննարկվում է Կառավարությունում: Ա. Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:
«Կանխատեսելի եմ համարում զորացրված կամ զորացրվող սպաների անհանգստությունը բնակարանների հետ կապված: Հարցն իմ ուշադրության կենտրոնում է շուրջ 1 տարի՝ սկսած այն պահից, երբ ՊՆ-ում սկսեց քննարկվել հիպոթեքով նոր սպաներին բնակարան հատկացնելու հարցը: Հարցը գտնվում է պաշտպանության նախարարի և նրա զեկույցից հետո՝ արդեն ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում: Իմ ունեցած նախնական տեղեկության համաձայն՝ ի սկզբանե առաջարկված մոդելը, որով մատչելի հիպոթեքային վարկերից բացի այլ լուծում չէր առաջարկվում, այդպես չի մնալու: Գտնվելու են այլ լուծումներ»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ քանի որ հարցը ներկայում քննվում է Կառավարությունում, հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն լուծման ձևերը:
Նա վստահեցրեց՝ առաջիկայում կունենանք միջանկյալ լուծում: Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է պահում: Հովհաննիսյանը նշեց՝ չի կարծում, որ լուծման գործընթացը տարիներ կտևի: