Այսօր Ջուսի տարեդարձն է: Երգչուհին հրաժարվում է նշել տարիքը, քանի որ կարծում է՝ գլխավորը հոգեբանական տարիքն է:
«Մի անգամ հատուկ թեսթ լրացնելուց հետո պարզեցի, որ ես 25 տարեկանի վրա կանգ եմ առել ու չեմ շարժվում: Բացի դա, ես ինձ միշտ 18-ում եմ զգում այդ պատճառով ամեն տարի նշում եմ 18-ամյակս»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց օրվա հերոսուհին ու շարունակեց.
«Տարիքն ինձ երբեք չի խանգարում, գլխավորը իմ տրամադրվածությունն է: Ասեմ ավելին, ես դեռևս ոչ մի բոտեքսի և պլաստիկ միջամտության չեմ դիմել կնճիռներս թաքցնելու նպատակով, քանի որ կնճիռներ չկան, անգամ գնալով ավելի երիտասարդանում եմ: Հետևաբար ամենակարևորը մարդու տրամադրվածությունն է, որն անդրադառնում է նաև արտաքինի վրա»:
Նրա խոսքով՝ շնորհավորանքները կեսգիշերից են մեկնարկել, դրանք այնքան շատ են, որ անգամ չի հասցնում պատասխանել բոլոր հեռախոսազանգերին և նամակներին: Ջուսն այս տարի իր համար շատ յուրօրինակ կերպով է նշելու տարեդարձը:
«Ամեն տարի տարեդարձիս պարտադիր խնջույք եմ կազմակերպում որև ժամանցի վայրում, բայց այս տարի որոշեցի ծնունդս յուրօրինակ նշել և այն անցկացնել տանը՝ հանգիստ ու ընտանեկան մթնոլորտում: Ես անգամ չեմ հիշում, թե վերջին անգամ, երբ եմ ծնունդս տանն անցկացրել: Այսօր ինձ հետ կլինեն միայն մի քանի մտերիմներ և միասին կփորձենք հաճելի օր անցկացնել. Գլխավորը՝ չեմ մտածի, թե ինչ հագնեմ»,- ծիծաղելով պատմեց նա:
Երգչուհին իրեն մաղթում է, որպեսզի շարունակի աճել թե մասնագիտության մեջ, և թե կյանքում:
«Ուզում եմ, որպեսզի գնալով ավելի կատարելագործվեմ, թե՛ որպես երգչուհի, թե՛ որպես մարդ: Ուզում եմ արտաքինումս ևս մեծ փոփոխություններ լինեն, անգամ անձնական կյանքում եմ ուզում աճ գրանցել, թեև այդ թեման ինձ համար արդեն անցել է ֆանտաստիկայի ժանր: Կարևորը՝ ուզում եմ միշտ դրական մթնոլորտում և ուրախ ապրել»,- նկատեց նա:
Հարցին, թե Ջուսը չի՞ մտածում մայրանալու մասին, պատասխանեց.
«Ես տեսակով մաքսիմալիստ եմ, երբեք ուղղակի երեխա ունենալու համար չեմ մայրանա: Ես ուզում եմ ունենամ իմ տունը, ֆինանսապես ապահովված լինեմ, հետո նոր մտածեմ այդ ուղղությամբ: Հիմա 50-ից հետո են անգամ ծննդաբերում, բայց մենք ունենք նաև Ալլա Պուգաչովայի օրինակը, նա ունեցավ իր սեփական երեխան՝ սուրոգատ մոր օգնությամբ»:
Հարցին, թե Ջուսը որևէ հարցում զղջո՞ւմ է, պատասխանեց.
«Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ, իհարկե, ես էլ եմ բացթողումներ ունեցել, որ կարող էի ինչ-որ հարցերում այլ կերպ վարվել, արտաքինիս հետ կապված որոշ բաներ այլ անել, բայց դրանց համար ես չեմ զղջում, քանի որ այն ժամանակ այդ պահին ինձ համար դա էր ճիշտ: Վստահաբար, միշտ էլ այդպես է լինելու՝ մենք հետ նայելով՝ ցանկանալու ենք որոշ բաներ փոխել, բայց ես շատ եմ կարևորում այդ պահի իմ ցանկությունները, նաև գիտեմ, որ մարդը գնալով զարգանում է և պետք է սխալների ուղղում անի»:
Իր գլխավոր առավելությունը Ջուսը համարում է իր տեսակը:
«Իմ դրական տեսակն է իմ առավելությունը: Ես միշտ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ եթե անգամ մի վատ բան է լինում, ուրեմն հետո շատ ավելի լավ բան է սպասվում: Ամեն ինչին պետք է թեթև նայել և ժպտալ»,- ավարտեց նա: