Life.panorama.am-ը զրուցել է արցախցի երգչուհի Գայա Արզումանյանի հետ և հետաքրքրվել, թե արդյոք պատրաստվո՞ւմ է հանգստի մեկնել ու ինչ նախընտրություններ ունի այդ առումով:
Պարզվում է՝ երգչուհին արդեն երկու տարի է՝ չի կարողանում մեկնել հանգստի.
«Դեռ անցյալ տարվանից ինձ չի հաջողվում հանգիստս կազմակերպել: Այս տարի էլ շատ ծանրաբեռնված եմ և հույս չունեմ, որ կկարողանամ ինքս ինձ համար ժամանակ հատկացնել և մեկնել որևէ տեղ: Այս պահին շատ ակտիվ աշխատում եմ, ինձ համար ամառը բուռն աշխատանքային սեզոն է»,- նշեց Գայան:
Հանգստի համար երգչուհու ամենասիրելի տարբերակը ծովն է:
«Ես ծովափնյա հանգստի սիրահար եմ: Ընկերներիս հետ վայելել ծովն ու արևը՝ իմ ամենասիրելի տարբերակներից է: Քանի որ խառնվածքվ ակտիվ մարդ եմ, հետևաբար հանգիստը ևս ակտիվ եմ սիրում անցկացնել, նախընտրում եմ տարբեր երկրների ակումբներ այցելել և մի լավ լիցքաթափվել»,- նկատեց նա ու շարունակեց.
«Ինձ համար շատ կարևոր է, թե ում հետ եմ վայելում հանգիստս: Այս առումով շատ եմ սիրում լինել ընկերներիս հետ, ովքեր ինձ պես խենթ են: Առհասարակ, սիրում եմ խենթ ու խելառ մարդկանց, և ոչ մի կերպ չեմ կարողանում տանել հումորից հեռու և ծանրաշունչ մարդկանց. փառք Աստծո՝ ընկերներիս մեջ այդպիսիք չկան»:
Գայա Արզումայանը առանց հեռախոսազանգերի պատկերացնում է հանգիստը, բայց առանց համացանցի՝ ոչ մի կերպ:
«Անշուշտ, կարող եմ հեռախոսազանգերի չպատասխանել, չխոսել որևէ մեկի հետ, բայց ոչ մի դեպքում չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ չօգտվել համացանցից»,- ընդգծեց երգչուհին:
Զրույցի վերջում, հարցին, թե ըստ Գայայի՝ հնարավո՞ր է հանգիստը կազմակերպել Երևանում և լավ ժամանց անցկացնել, պատասխանեց.
«Գիտեք, ամեն ինչ մարդու տեսակից է կախված: Ինքս կարող եմ իմ ակտիվ հանգիստը կազմակերպել որտեղ պատահի: Դրա համար պետք է միայն ու միայն լավ տրամադրություն և ցանկություն»: