Հայաստանում աղիքային վարակների դեպքերի քանակը շարունակում է մնալ նույն մակարդակում. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ներկայումս մոտ 100-120 աղիքային վարակ ունեցող հիվանդ կա, որոնց մեծ մասը 2-ից 8 տարեկան երեխաներ են: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց հիվանդանոցի տնօրեն Էդուարդ Զարդարյանը:
Նրա խոսքով՝ հիվանդների մեծամասնության մոտ այսօրվա դրությամբ վիրուսային վարակներ են, իսկ բակտերիալ վարակներով հիվանդները քիչ են:
Ինչպես նշում են փորձագետները, ամռանը, ձմռան և գարնան համեմատ, աղիքային ինֆեկցիաների թիվը մեծանում է: Սրան նպաստում են ժամանակակից երեխաների ապրելակերպն ու ամենօրյա սովորությունները. շատերը, որպես կանոն, ուտելուց առաջ ձեռքերը չեն լվանում, չեն լվանում նաև մրգերը և բանջարեղենը, և վարակները հայտնվում են նրանց օրգանիզմում կեղտոտ ձեռքերի կամ սննդի միջոցով: Մյուսները վարակվում են լողալու համար չնախատեսված արհեստական ջրավազաններում լողալիս:
Հիշեցնենք, որ աղիքային վարակների կանխարգելման համար խորհուրդ է տրվում երկար ժամանակ արևի տակ չմնալ, չլողալ լողալու համար չնախատեսված ջրավազաններում, չմոռանալ անձնական հիգիենայի մասին, միշտ լվանալ ձեռքերը և ընդունվող սնունդը: