Փառք եմ տալիս Աստծուն, որ այս հրաշք ժողովրդի զավակն եմ. Լեյլա Սարիբեկյանը 55 տարեկան է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Փառք եմ տալիս Աստծուն, որ այս հրաշք ժողովրդի զավակն եմ. Լեյլա Սարիբեկյանը 55 տարեկան է. life.panorama.am

Հունիսի 16-ին, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը նշեց ծննդյան 55-ամյակը, որի առիթով Life.panorama.am-ն զրուցել է նրա հետ:

Զրույցի սկզբում Լեյլա Սարիբեկյանը  նշեց, որ այնքան էլ չի կարևորում ծննդյան օրը նշել, հավելելով, որ դա իր տեսակից է գալիս:

«Բնավորությամբ այնպիսինն եմ, որ ավելի շատ սիրում եմ տալ, քան ստանալ: Ես առավել մեծ ուրախություն եմ ապրում, երբ ինքս եմ մարդկանց ուրախություն պատճառում, և այդ պատճառով ողջ կյանքում փորձել եմ այդպես ապրել՝ մարդկանց տալ իմ դրական ու բարի էներգիան, իսկ նրանց դեմքին ժպիտ տեսնելով՝ գոհանալ կյանքից»,- նշեց օրվա հերոսուհին:

Թեև երգչուհին տարեդարձները նշել այնքան էլ չի սիրում, բայց նաև գնահատում է իր կյանքի այն մարդկանց, ովքեր ջանք չեն խնայում իր օրը գեղեցկացնելու և հիշարժան դարձնելու համար:

«Ես այնքան շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կյանքում կան՝ սկսած իմ ընտանիքից, ի դեպ՝ երբ ասում եմ իմ ընտանիք, այդ գաղափարի մեջ է մտնում նաև իմ ժողովուրդը: Ես ամեն օր փառք եմ տալիս Աստծուն, որ այս հրաշք ժողովրդի զավակն եմ, այդ երջանկությունը օր օրի ավելի խորն եմ գիտակցում ու գնահատում: Ես իսկապես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից եմ, որ հայ եմ ծնվել, և հնարավորություն ունեմ իմ արվեստի միջոցով սերս փոխանցել իմ ժողովրդին: Ընդ որում ասեմ, որ իմ կյանքում հնարավորություններ եմ ունեցել հաճախ տարեդարձս նշել ժողովրդի հետ, որոնք դարձել են իմ կյանքի ամենահիշարժան տարեդարձները: Մասնավորապես անցյալ տարի այս օրն ինձ համար հրաշքների օր էր: Այդ օրը տարեդարձս նշեցի Թբիլիսիում, որտեղ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում ինձ անանկնալ մատուցեցին դասարանցիներս և վրացական համայնքի ներկայացուցիչները: Բայց այդ օրը ես ամենաշատը հաճույք ստացա այն բանի համար, որ ծննդյանս օրը ես բեմ բարձրացա և իմ երգով շնորհավորեցի ներկաներին ու տուրք տվեցի իմ ծննդավայրին»,- ժպիտով պատմեց ՀՀ վաստակավոր արտիստուհին:

Խոսելով տարիքի մասին՝  Լեյլա Սարիբեկյանը նշեց՝ այս տարի երկու հինգերով եմ, ապա հուզված ավելացրեց.

«Այս տարիքում և ընդհանրապես մտածում եմ, թե ինչ կարող եմ տալ, անել մյուսների համար և անկեղծորեն եմ ասում, ոչ մի կերպ չեմ մտածում, թե ինչ ինձ կարող է տրվել: Այսօր ինձ հուզելու աստիճան բարեմաղթանքներ են հղում, և հիմա առավել քան հասկանում եմ, որ որևէ նյութական արժեք չի կարող հաղթել հոգևորին: Շատ հաճախ իմ ընտանիքում էլ ասում եմ, որ միգուցե նրանց չեմ տվել նյութական բարիքներ, բայց տվել եմ ավելի արժեքավոր մի բան՝ բարի անուն ու անսահման նվիրվածություն: Ես ամեն առավոտ արթնանալիս օրհնում եմ աշխարհի բոլոր երեխաներին, իսկ 4 տարեկան 4 ամսական թոռնիկիս աչքերին նայելիս ուզում եմ էլ ավելին բարիք ու սեր բերել աշխարհին, նրան նայելով՝ ուզում եմ լինել էլ ավելի անկեղծ ու ազնիվ: Ինձ տարիքը ոչ մի կերպ չի վախեցնում, 55-ն ինձ համար ընդամենը երկու թիվ է՝ իրար կողք-կողքի: Ես շատ վստահ եմ ասում իմ տարիքը, անգամ երբ չեն հարցնում: Չեմ կարծում, որ կնոջ համար պետք է տարիքը որոշի իր կանացիության, հմայքի կամ ուղղակի հաճելի լինելու չափը: Ըստ իս՝ կինը հենց կանացիության և մայրության խորհրդանիշն է, իսկ ինձ համար մայր լինելը  գերագույն արժեքն է, որին հաջորդում են կյանքի մյուս կողմերը: Կնոջ առաքելությունը հենց շարունակություն ապահովելն է: Իմ հոգով ես միշտ երիտասարդ եմ և երիտասարդների կողքին, երջանիկ եմ, որ երիտասարդներն էլ սիրում են ինձ տեսնել իրենց կողքին, իսկ դա ապացուցում է յուրաքանչյուր համերգ ու հանդիպում»:

Խոսելով իր բացթողումների մասին՝ Լելյա Սարիբեկյանը նշեց.

«Ցավոք, վերջին տարիներին իմ գործունեության մեջ պասիվ եմ, որովհետև վերջին շրջանում վերարժևորելու կարիք կա: Ես դեռ իմ խոսքը չեմ ասել, իմ մեջ հիմա շատ տարբեր գույներ են խտացված, որոնք պետք է արտահայտեմ: Մեր ամենակարևոր թշնամիներից մեկը մեր վախերն են ու իրական գնահատական տալու կարողությունից խուսափելը: Ցավոք, ես Երևանում չեմ ունեցել այն մենահամերգը, որի մասին երազել եմ, և դա գուցե պատճառն է այդ վախերի ու սկզբունքների, որ ունեցել եմ: Այսօր շատերն են ինձ մեղադրում, որ երևանյան մենահամերգներ չեն եղել, բայց ես հույս ունեմ, որ այդ սխալը դեռևս կկարողանամ շտկել: Մենահամերգ ունենալը գերնպատակ կամ ինքնանպատակ չէ, պարզապես այդ միջոցով ես կկարողանամ փոխանցել ներսումս կուտակված էներգիան, աստվածային ուժը, որը որևէ այլ բանով չի փոխարինվում: Ամեն դեպքում՝ Աստված գիտի ամեն ինչի ճիշտ ժամը, ես դրանում վստահ եմ»:

Զրույցի վերջում մեր զրուցակիցը խոսեց իր գլխավոր երազանքի մասին:

«Երազանքս միշտ նույնն է՝ ես ուզում եմ երջանիկ տեսնել մարդկանց, ուզում եմ մարդկանց աչքերում իրական երջանկություն տեսնել, որը սիրո և Աստծո խորհրդանիշն է: Ուզում եմ ամեն մեկս ևս մեկ անգամ անկեղծ հայացք գցենք մեր հոգուն ու գտնենք այն ամենաիսկականը, որն ուզում ենք տալ աշխարհին և ամենակարևորը՝ մեր երեխաներին. մենք շարունակությամբ ենք կարևոր»,- ավարտեց Լ. Սարիբեկյանը:



Նման նյութեր