Երեկ՝ հուլիսի 17-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների կողմից ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Toyota Land Cruiser Prado մակնիշի 01 DD 999 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Մելիքյանը վարորդական իրավունքի վկայական չի ներկայացրել ՃՈ ծառայողներին, երբ նրանք նրան կանգնեցրել են Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում։
Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի դիմապակին մգեցված է եղել սահմանված չափից ավելի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է АКС տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան՝ իր փամփշտատուփով։ Ստուգմամբ պարզվել է նաև, որ հրացանը եղել է օրինական։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: