Սպերմոգրամմա. սպերմայի հետազոտություն
Advertisement 1000 x 90

Սպերմոգրամմա. սպերմայի հետազոտություն

Սպերմոգրամմա . տղամարդու սերմի (սպերմայի)` սերմնահեղուկի հետազոտություն: Սպերմոգրամման թույլ է տալիս որոշել սերմի քանակությունը, բաղադրությունը, դրանում սպերմատոզոիդների քանակությունը, վիճակը և շարժունակությունը:

Սպերմոգրամմա հաճախ նշանակվում է անպտղության տղամարդկային գործոնը որոշելու համար, քանի որ էական պատկերացում է տալիս սերմի վիճակի և բեղմնավորող ունակության մասին: Իրականում ցանկալի է այս հետազոտությանը դիմել պարբերաբար, քանի որ այն թույլ է տալիս հասկանալ տղամարդու սեռական առողջության վիճակը: Սպերմոգրամման իրականացվում է նաև նախատեսվող արտամարմնային բեղմնավորում կատարելուց առաջ կամ սպերմայի դոնորության դեպքում:

Ինչպե՞ս պատրաստվել և իրականացնել հետազոտությունը

Ինչպես ցանկացած այլ հետազոտության դեպքում, այս դեպքում ստացվող արդյունքների ճշգրտությունը նույնպես կախված են հետազոտվող նյութի ճիշտ հավաքումից: Սերմը հետազոտության հանձնելու համար անհրաժեշտ է իմանալ.

  1. Հետազոտությունից 2-5 օրեր առաջ չզբաղվել սեռական հարաբերությամբ, ինչպես նաև օնանիզմով` բայց ոչ ավելի քան` 7 օր և ոչ պակաս քան` 2 օր:
  2. Նշված ժամանակահատվածում չի թուլատրվում օգտագործել ալկոհոլ, այցելել սաունա, դեղորայքի ընդունումը բժշկի ցուցումով պետք է դադարեցնել:
  3. Սերմը հանձնելուց անմիջապես առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ սեռական օրգանը: Սերմը պետք է հանձնել լաբորատորիայում տրամադրված հատուկ տարայով: Չի թուլատրվում այն հանձնել այլ, չնախատեսված տարայով:
  4. Սերմը պետք է հանձնել օնանիզմի ճանապարհով: Չի թույլատրվում այն վերցնել պահպանակի մեջից կամ ընդհատված սեռական հարաբերությունից հետո:

Նշված խորհուրդներին հետևելը չափազանց կարևոր է, քանի որ ցանկացած գործոն կարող է ազդել սերմի որակի և սպերմատոզոիդների ակտիվության վրա:

Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում սպերմոգրամմա հետազոտությունից

Ընդհանուր առմամբ սերմնահեղուկն ուսումնասիրվում է ինչպես մակրոսկոպիկ (ուշադրություն է դարձվում սերմի արտաքին տեսքին, քանակությանը, գույնին, մածուծիկությանը և այլն), այնպես էլ միկրոսկոպիկ (մանրադիտակի տակ հետազոտվում է սպերմատոզոիդների քանակը, դրանց շարժունակությունը և այլն):

Անվանում
Բացատրություն
Նորմոսպերմիա
Սերմի բոլոր բնութագրերը համապատասխանում են նորմաներին
Նորմոզոոսպերմիա
Սպերմատոզոիդների ընդհանուր քանակությունը և դրանց շարժունակությունը կամ համապատասխանում են նորմային, կամ գերազանցում են այն
Ասպերմիա
Սերմի բացակայություն
Ազոոսպերմիա
Սպերմատոզոիդների բացակայություն, շագանակագեղձի արտազատուկի առկայություն
Պոլիսպերմիա
Սերմի քանակությունը և սպերմատոզոիդների շարժունակությունը շատ անգամ գերազանցում են նորման
Օլիգոսպերմիա
Սերմի քանակը նվազ է նարմայից
Օլիգոզոոսպերմիա
Սերմի մեջ սպերմատոզոիդների քանակը քիչ է նորմայից
Ասթենոզոոսպերմիա
Ակտիվ և շարժունակ սպերմատոզոիդների քանակությունը պակաս է նարմայից
Հեմոսպերմիա
Սերմի մեջ առկա են էրիթրոցիտներ (արյան առկայություն)
Լեյկոսպերմիա
Սերմի մեջ առկա են լեյկոցիտներ (թարախի առկայությունն)

mymed.am