Նախաբանի փոխարեն
Շուրջ երկու ամիս առաջ ֆեյսբուքում մի գրառում էի արել՝ կարծիք հայտնելով, թե Փաշինյանը և իր թիմակիցները պետք է հպարտությամբ կրեն «պոպուլիստ» պիտակը և օգտագործեն այն, որպես նախընտրական շրջանի ռազմավարություն։
Ֆեյսբուքյան գրառումս տարածվեց նաև մեդիայով՝ ունենալով մի քանի հազար դիտում և բազմաթիվ արձագանքներ։ Համացանցի օգտատերերից մեկն ինձ նույնիսկ մեղադրեց Փաշինյանի հեղափոխական արշավի hետևում կանգնած լինելու և քաղ-տեխնոլոգիաներով համաժողովրդական շարժմանը սատարելու մեջ: Թեև, այն իրականությանը չէր համապատասխանում, այնուամենայնիվ, շոյված զգացի։
Ահա ֆեյսբուքյան այս «հաջողությունից» հետո էր, որ «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի կողմից ինձ առաջարկվեց հոդվածով հիմնավորել կարծիքս և ընդհանրապես խնդրին անդրադառնալ պրոֆեսիոնալ-մասնագիտական տեսանկյունից, որի արդյունքում էլ ծնվեց այս վերլուծությունը։
Կարծում եմ որոշակի ակադեմիական ոճի և քաղաքագիտական շարադրանքի համար ներողամիտ կլինեք, քանի որ գրելուս փորձը հիմնականում ակադեմիական է:
Եվ այսպես…
Նախ, փորձեմ բնութագրել պոպուլիզմը, նրա տեսակները, աշխարհում, մասնավորապես Հայաստանում պոպուլիզմի առկայությունը և ամփոփեմ՝ ներկայացնելով պոպուլիզմը որպես ռազմավարական գործիք Հայաստանի ներկա նախընտրական շրջանի համատեքստում։
Ի՞նչ է պոպուլիզմը
Հարկ է հստակ սահմանում տալ այս կոնցեպտին, որը շատերն ի սկզբանե դիտարկում են բացասական կոնտեքստի ներքո։ Օգտվելով պոպուլիզմի բնագավառում խորը հետազոտություններ կատարած Հոլանդացի քաղաքագետ Քաս Մուդդի ձևակերպումից, սահմանենք, որ պոպուլիզմը գաղափարախոսական շարժում է, որի հիմքում «բարոյականության համար պայքարն է»։ Այս դեպքում, պայքարն ընթանում է երկու հստակ ձևավորված խմբերի՝ «ազնիվ ժողովրդի» և «կոռումպացված էլիտայի» միջև։
«Բարոյականությունը» դրսևորվում է «ժողովրդի կամքի» արտահայտումով (Ժան Ժակ Ռուսոյի ասած՝ volonte generale-general will of the people): «Ազնիվ ժողովուրդ» կամ «կոռումպացված էլիտա» կոնցեպտները ոչ թե գնահատականն են այդ երկու խմբերի, այլ նրանց բնութագրումն են պոպուլիստական շարժման մթնոլորտում։
«Ազնիվ ժողովուրդ»-ը շատ հեղհեղուկ կոնցեպտ է, սակայն պոպուլիստական շարժումն, ի սկզբանե, կոնսոլիդացնում է այդ ձևակերպումը, այսինքն, նույնիսկ ոչ օրինապաշտ հասարակության սեգմենտները կարող են դառնալ «Ազնիվ ժողովրդի» մի մասնիկը, եթե նրանք դեմ են քաղաքական էստաբլիշմենթին՝ «վերնախավին», քանի որ վերջինս ընկալվում է որպես կոռումպացված սուբյեկտ։
Պոպուլիստական շարժումը բաժանում է քաղաքական դաշտը «լավերի» և «վատերի»։
Պոպուլիզմի հռետորաբանությունը բաղկացած է 5 բաղկացուցիչ մասերից.
1) ժողովրդի մեծարում
2) հասարակության մեջ Մենք-Նրանք բաժանում
3) էլիտայի անդամներին անհատական պատասխանատվության ենթարկելու խոստում
4) էլիտայի անդամներին կամ արդեն թիրախավորված սուբյեկտներին մականուններով թիրախավորում (անուն կպցնելը)
5) ժողովրդի զոհ լինելու հանգամանքի ընդգծում
Սրանք պարզապես քաղաքական տեխնոլոգիաներ չեն, որոնցով կարելի է մանիպուլացիայի ենթարկել հանրությանը, այլ տարիների ընթացքում պարարտ հող ստեղծած իրականություն է, որի վրա էլ հենց հասունանում է պոպուլիստական շարժումը։
Բոլոր քաղաքական շարժումները և նախընտրական արշավները պարունակում են պոպուլիզմի տարրեր, սակայն պոպուլիզմն արձանագրելու համար պետք է ուշադրություն դարձնել, թե տվյալ շարժումը որքանով է հիմնված պոպուլիստական տարրերի վրա։ Եթե վերոնշյալ 5 հռետորաբանական էլեմենտները գերակայություն ունեն քաղաքական շարժման կամ նախընտրական արշավի ժամանակ, ապա վերջիններս համապատասխանում են պոպուլիզմի բնութագրին։
Պոպուլիզմն աշխարհում
Պոպուլիզմը կարող է լինել թե՛ աջակողմյան և թե՛ ձախակողմյան։
Աջակողմյան պոպուլիզմի հիմքում ընկած են հասարակության շրջանում առկա նացիոնալիստական նկրտումները՝ ի դեմս գլոբալիզացիայի, էմիգրացիայի և հօգուտ երկրի սուվերենության պահպանման։
Ձախակողմյան պոպուլիզմն ուղղված է կապիտալիստական հասարակարգի դեմ և, ըստ էության, հանդիսանում է սոցիալիստական տնտեսական մոդելի ջատագովը։ Երկու դեպքում էլ շարժումն ուղղված է էլիտայի դեմ, իսկ գաղափարական վեկտորն ուղղված է տվյալ հասարակության «կոռումպացված էլիտայի» դիրքերին։
Այսօր պոպուլիստական շարժումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Ավելին, սոցիալական ցանցերի լայն հասանելիությունը պոպուլիզմը վերածել է հասարակության ամենօրյա քաղաքական դիսկուրսի անշրջելի բաղադրիչի։
Եվրոպական Միության երկրներում իրենց հզորությամբ 3-րդը համարվող կուսակցությունները պոպուլիստական են, և սա աճելու միտում ունի։ Ավելին, Հունաստանում և Իտալիայում իրենց հզորությամբ երկու ամենաուժեղ կուսակցություններն են պոպուլիստական են (աջակողմյան և ձախակողմյան)։ Որքան էլ անհավանական է, վերջիններս կազմել են պառլամենտական կոալիցիա։
Այս մոդելը դիտարկելով, ԱՄՆ-ում պոպուլիզմի կնքահայր և Թրամփի նախկին ստրատեգ Սթիվ Բաննոնը եզրակացրել է, որ ԱՄՆ-ում գալիք միջանկյալ ընտրությունների ժամանակ, այս մոդելը կարող է օգտագործվել որպես նախընտրական արշավի հաջողության գրավական։ Մասնավորապես, նա հորդորում է թիրախավորել նացիոնալիստներին և սոցիալիստներին՝ որպես ընտրազանգված։ Ըստ էության, նա կոչ է անում ազգայնական աջերի (Հանրապետական կուսակցության սեգմենտ) և սոցիալիստ ձախերի (Դեմոկրատական կուսակցության սեգմենտ) միավորման առկա քաղաքական վերնախավի՝ ավանդական հանրապետականների և ավանդական դեմոկրատների դեմ։
Երկկուսակցական առկա մոդելից ելնելով, ենթադրաբար, Բաննոնը ակնկալում է, որ ավանդական հանրապետականները ստիպված կլինեն նախընտրական արշավի ճնշման ներքո նույնպես որդեգրել Թրամփին աջակցող նացիոնալիստ հանրապետականների գաղափարական ուղին։ Այս կոալիցիոն մոդելը, ըստ Բաննոնի, ենթադրաբար, կերաշխավորի հանրապետականների հաղթանակը ԱՄՆ միջանկյալ ընտրություններում։
Պոպուլիզմը Հայաստանում
Հայաստանի ներկայիս քաղաքական դիսկուրսում, թերևս, ամենահաճախ օգտագործված քաղաքագիտական տերմինաբանությամբ հասկացությունը եղել է պոպուլիզմը։
Այն օգտագործվում է բացասական տոնայնությամբ։ Իրականում, պոպուլիզմը Հայաստանում այս ժամանակաշրջանում անխուսափելի է և չպետք է դիտարկվի, որպես լավ կամ՝ վատ։ Այն պարզապես կա, գոյություն ունի և թե ինչպե՞ս այն կկիրառվի, հենց այդ էլ կորոշի նրա լավ կամ վատ լինելը։
Թավշյա հեղափոխական շարժումը հնարավոր էր միայն պոպուլիզմի ներքո՝ անկախ այն հանգամանքից, թե ով այն կղեկավարեր։ Եթե դեմոկրատական երկրներում պոպուլիստական շարժումները գալիս են իշխանության ժողովրդավարական ընտրությունների հետևանքով, որը աջից ձախ, կամ ձախից աջ է ուղղված, ապա Հայաստանում՝ ոչ դեմոկրատական համակարգում, այն ներքևից վերև է, այսինքն՝ հեղափոխական բնույթ ունի և ներառում է քաղաքական ներկապնակի լայն ընտրազանգվածին։
Այս շարժումն իր էությամբ հեղափոխական է, ներառում է հասարակության գրեթե բոլոր շերտերը՝ ուղղված քաղաքական վերնախավի դեմ՝ կամ, ինչպես ազգագրագետ Հրանուշ Խառատյանն է ասում, «Հայաստանի քաղաքացու ինտեգրված մասնակցության արդյունք է»։
Այստեղ պոպուլիզմը հիմնված է մի քանի առանցքային տարրերի վրա։
Շարժման լոկոմոտիվը հանդիսանում է համատարած կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարի վճռականությունը, որն առկա է հասարակության գրեթե բոլոր սեգմենտներում (պոպուլիզմի համար բավականին պարարտ հող և միանգամայն բարենպաստ մթնոլորտ)։ Նույնիսկ տնտեսական էլիտայի որոշ ներկայացուցիչներ, կարծես, աջակցում են այս շարժմանը։ Հետևաբար, այն ուղղված է կոռումպացված քաղաքական էլիտայի դեմ՝ ներքևից վերև։
Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգում դեռևս ամբողջովին չի ձևավորվել կուսակցական աջերի և ձախերի հստակ տարանջատում։ Այսինքն, չկա գաղափարախոսական սեգմենտավորում։ Կուսակցությունները պայքարում են «բոլոր» ձայների համար, չկան կոնկրետ թիրախավորված խմբեր։ Սա ևս շատ կարևոր բնութագրիչ է պոպուլիզմի համար։
Եվ ուրեմն, պոպուլիզմի ալգորիթմը ներկա իրավիճակում ուղղակիորեն ամրագրված է Հայաստանի քաղաքականության բոլոր հանգրվաններում և այն անխուսափելի է։
Նախընտրական արշավ կամ Մաքիավելյան հաշվարկ
Հայաստանում նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կազմավորվել է համաժողովրդական պոպուլիստական ալիքի հետևանքով։
Ներկայումս առկա է մի իրավիճակ, երբ de facto իշխանությունը դեռ չի ամրագրել իր լիակատար հաղթանակը de jure տիրույթում։ Տնտեսագիտական տերմինաբանությամբ՝ չկա քաղաքական էկվիլիբրիում (հավասարակշռություն)։
Հայաստանում ոչ պաշտոնապես սկսվել է նախընտրական արշավ այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Թեև արտահերթ ընտրությունների օրը հայտնի չէ, այնուամենայնիվ, ընտրարշավն սկսվել է։ Հետևաբար, քաղաքական իրավիճակը պետք է դիտարկել նախընտրական արշավի մթնոլորտի տեսանկյունից։
Այդ մթնոլորտի կարևորագույն կետերը հետևյալն են.
– Երկրում տեղի է ունեցել համազգային շարժում, որի վեկտորն ուղղված է ներքևից վերև, այսինքն՝ հեղափոխական է։ Այն ներառում է հասարակության բոլոր շերտերը, այսինքն՝ իր էությամբ պոպուլիստական է։
– Երկրում չկա քաղաքական գաղափարախուսությունների հստակ տարանջատում, կամ սեգմենտավորում։ Կա(ր) կոռումպացված քաղաքական էլիտա, որի դեմ է շարժումը։
– Երկրում կան կուսակցություններ, որոնք Փաշինյանի թուլանալու դեպքում պատրաստ են լրացնել վակումը, սակայն դրանք չունեն հստակ գաղափարախոսություն։ Որոշ կուսակցություններ բացեիբաց հայտարարում են, որ պայքարելու են 50 % + 1 ձայների համար։
– Հաղթող ուժը դեռ անշրջելիորեն չի ամրագրել իր հաղթանակը իրավական դաշտում՝ընտրությունների միջոցով, և, հետևաբար, դեռևս չկա քաղաքական հավասարակշռություն։
Հետևաբար, հարց է ծագում. ինչո՞ւ չպետք է Փաշինյանը շարունակի օգտագործել պոպուլիստական շարժումը՝ մինչև վերջ իրականացնելու իր քաղաքական տեսլականը, որը նա, և շատ-շատերը, գնահատում են որպես առաքելություն։ Ինչո՞ւ նա չպետք է օգտվի ստեղծված քաղաքական վակումի ընձեռած հնարավորությունից և հետևողականորեն առաջ տանի իր քաղաքական տեսլականը։
Դեռևս չունենալով իր ձեռքում լիակատար ամրագրված հաղթանակ, որն արտահայտվում է պառլամենտական մեծամասնության առկայությամբ, ինչո՞ւ Փաշինյանը չպետք է ընտրի պոպուլիզմը՝ որպես քաղաքական գործիք, իր երկարամյա, ամենավճռական պայքարի հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար։
Անշուշտ, այս հարցերը հռետորական են. պոպուլիզմը լինելու է, և այն մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ չկան գաղափարախոսության վրա հիմնված կուսակցություններ, քանի դեռ այս շարժումը կարող է վտանգվել և քանի դեռ նախկին էլիտան ընկալվում է որպես էլիտա։
Ամենակարևորն այն է, որ պոպուլիստական շարժման առաջնորդը ընտրել է սահմանադրական կարգի հաստատման ուղին։
Ընդհանրապես, հեղափոխության միջոցով իշխանության եկած պոպուլիստները, սովորաբար, ուղղակիորեն սրբում-մաքրում են նախկին էլիտային ամենադաժան ձևով (օրինակ՝ Ֆրանսիական Հեղափոխությունը)։
Ըստ իս, (առանց որևէ ակադեմիական հղման, զուտ անձնական կարծիքս եմ հայտնում) բոլոր պոպուլիստական-հեղափոխական շարժումները, ի վերջո, ավարտվում են արյունալի հաշվեհարդարով։
Թավշյա հեղափոխության առանձնահատկությունը նրանում է, որ հեղափոխության առաջնորդը, իր իսկ կամքով, ստեղծում է զսպող մեխանիզմներ. այն է՝ միայն ու միայն օրենքի և օրինականության տիրույթում գործելակերպը։
Ինչ խոսք, դեռևս ամբողջ խորությամբ չենք ըմբռնել կատարվածի ողջ յուրահատկությունը, սակայն, մեկ բան հաստատ է՝ մենք, այդպիսով, պարզապես խուսափեցինք դառնալ մերձավորարևելյան երկիր։ Հայաստանում Քաղաքացիական Հասարակությունը, կարծես, կայացման ճանապարհին է, բայց դեռևս ոչ անշրջելիորեն։
Հայկ Տեր-Ներսիսյան