Ոչ մի պարագայում չի կարելի հուսահատվել նման խոչընդոտներից․ Աստղիկ Սաֆարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ոչ մի պարագայում չի կարելի հուսահատվել նման խոչընդոտներից․ Աստղիկ Սաֆարյան. life.panorama.am

Ամառային հանգստի թեմայով Աստղիկ Սաֆարյանի հետ Life.panorama.am-ն օրերս է զրուցել, իսկ այսօր երգչուհին ներկայացրել է իր նոր՝ «Դու ուժեղ ես» տեսահոլովակը, որի մանրամասները կրկին վստահել է Life.panorama.am-ին:

«Տեսահոլովակս նկարահանվել է իմ նոր՝ «Դու ուժեղ ես» երգի հիման վրա, որի երաժշտության և խոսքերի հեղինակը ինքս եմ, գործիքավորումը արվել է «STUDIOina»-ի կողմից , և սա մեր միակ համագործակցությունը չէ։ Ասեմ, որ երգը պատրաստ էր դեռ 2017-ին, և արդեն հասցրել եմ կատարել այն իմ համերգների և տարբեր ելույթների ընթացքում։ Կարող եմ վստահ ասել, որ երգն արդեն հասցրել է սիրվել իմ լսարանի կողմից։ Եվ հիմա էլ հուսամ, որ նույնքան էլ կսիրվի նաև երգի տեսահոլովակը»,- պատմեց Աստղիկը:

Երգի խոսքերը երգչուհու համար հատուկ նշանակություն ունեն.

«Երգը հոգեպես ուժեղ լինելու մասին է, երբ անընդհատ ձգտում ես մեծ հաջողության, բայց դեռ չես հասնում դրան, երբ պայքարում ես շարունակ, փորձում ես հասնել ինչ-որ բարձունքների, բայց չի ստացվում, երբ փնտրում ես քո սերը, բայց դեռ չես գտնում: Երգը հորդորում է՝ ոչ մի պարագայում չի կարելի հուսահատվել նման խոչընդոտներից և արգելքներից, այլ պետք է ներքին ուժ գտնել և շարունակել պայքարել»,- ընդգծեց նա:

«Դու ուժեղ ես» տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում, որը Աստղիկի ամենասիրելի քաղաքն է:

«Փարիզն իմ ամենասիրելի քաղաքն է, դեռ 2009-ին այնտեղ արել էինք իմ 2-րդ ալբոմի համար նախատեսված ֆոտոշարքը, և ուրախ էի, որ կարողացա նաև տեսահոլովակ նկարահանել իմ սիրելի քաղաքում։ Ի դեպ՝ այն նկարահանվել է անցած ամռանը: Ռեժիսորը ֆրանսահայ Քրիստիան Աջեմյանն է, շատ տաղանդավոր ռեժիսոր, ում ֆիլմերը շատ անգամներ են ներկայացվել Կաննի կինոփառատոնին։ Նրա հետ ծանոթացա իմ փարիզաբնակ ընկերներից մեկի միջոցով, և որոշեցինք նման գեղեցիկ համագործակցություն անել»,- պատմեց երգչուհին։

Հարցին, թե օտար երկրում նկարահանումներ կազմակերպելը դժվար չէ՞ր, պատասխանեց.

«Իհարկե, ավելի դժվար է, քան Երևանում. տեսահոլովակներ նկարահանել եմ նաև Բարսելոնայում, Մադրիդում, արդեն նաև՝ Փարիզում։ Այս դեպքում շատ կարևոր են նկարահանման լիցենզիաները, օրինականությունը պահպանելը, հատուկ թույլտվություն՝ նկարահանումները իրականացնելու և քաղաքում որոշ հատվածներ փակելու համար, և նման այլ կարևոր հարցեր, որոնք այդքան մեծ խնդիր չեն, երբ Երևանում եմ նկարահանում։ Բայց, անկախ ամեն ինչից, ամեն ինչ արվել է շատ հաճելի մթնոլորտում, նկարահանման հրապարում, մեր շուրջն անգամ հավաքվել էին շատ այլազգիներ և ուշադիր հետևում էին մեր աշխատանքի ընթացքին, բայց անգամ դա մեզ չեր խանգարում, նույնիսկ ավելի հաճելի էր»։

Ինչպես իր բոլոր տեսահոլովակներում, այս անգամ ևս Աստղիկն ինքն է զբաղվել իր կերպարներով.

«Այս անգամ ևս կերպարներիս ընտրությամբ զբաղվել եմ ինքս: Քանի որ տեսահոլովակը նկարահանել ենք Փարիզում, կերպարներս փորձել եմ չչարաշահել և լինել դասական, նրբաճաշակ և մինիմալ ոճի շրջանակներում, քանի որ Փարիզն իրենով նրբաճաշակություն է պահանջում»,- նկատեց երգչուհին:

Աստղիկ Սաֆարյանը զրույցի վերջում նշեց, որ չնայած ընդամենը մի քանի ժամ է,  ինչ տեսահոլովակը հասանելի է համացանցում, բայց արդեն իսկ դրական արձագանքներ է լսել:

«Արդեն ստանում եմ բազմաթիվ դրական արձագանքներ և հիացմունքի խոսքեր, ինչի համար միայն ուրախ եմ, և առավել ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ նման գեղեցիկ գործի միջոցով մարդկանց փոխանցել ոգեշնչող և ուժ տվող երգի խորհուրդը»,- զրույցն ավարտեց երգչուհին:

life.panorama.am



Նման նյութեր