SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին տեղեկացրել են, որ 9-11 է ահազանգել մի քաղաքացի, ով ներկայացել է Արիել Սփեյս և հայտնել, որ ինքը, իր ընկերը և 2 աղջիկ զբոսաշրջիկներ Սյունիք մարզի Տաթև գյուղում գիշերը հանգստանալիս իրենց վրաններին են մոտեցել 2 անծանոթ երիտասարդներ, ովքեր փորձել են աղջիկներին բռնաբարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը հայտնել է, որ այդ ժամանակ աղջիկներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է տականքներից մեկի դեմքին, իսկ նրանցից մեկը գողացել է աղջիկներից մեկին պատկանող հեռախոսը և դիմել են փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-ի սահմաններում Հալիձոր գյուղի «Խրիմյան Հայրիկ» հուշարձանի հարակից անտառում 2 անծանոթ երիտասարդներ փորձել են բռնաբարել օտարերկրացիներ՝ 21-ամյա Ա. Պ.-ին և 26-ամյա Ռ. Շ-ին։ Պարզվել է, որ Ռ. Շ.-ն իր ձեռքին եղած ճամփորդական փոքրիկ դանակով դիմադրություն ցույց տալու ժամանակ հարվածել է տականքներից մեկի դեմքին։
Այդ ընթացքում մյուս զբոսաշրջիկները հարևան վրանում քնած են եղել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Հալիձոր գյուղի անտառում նշված անձանց հետ ընթրել են Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Վահե Գրիգորյանը, 27-ամյա Տիգրան Բաբայանը, որից հետո Տ. Բաբայանը փորձել է սեռական հարաբերություն ունենալ Ա. Պ-ի հետ, սակայն Ռ. Շ.-ի միջամտության արդյունքում նա իր նպատակին չի հասել։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննիչ Արզումանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: