Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը սպասում է, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու գործով նաև իրեն են հրավիրելու Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Wikileaks-ի հայտնի փաստաթուղթում, որի հիման վրա Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, նաև Կիմ Բալայանի անունն է հիշատակվում, թե նա համագործակցել է իշխանությունների հետ:
Lragir.am-ի հարցին ի պատասխան, թե նախագահական նստավայրից ՍԴ անդամների վրա ի՞նչ ճնշումներ էին գործադրվում այդ օրերին, Կիմ Բալայանը պատասխանեց. «Այդ հարցով ես չեմ կարող անկողմնակալ լինել: Քննություն է գնում, Wikileaks-ում իմ անունն էլ է տրվել, որ ես իբրև համագործակցել եմ իշխանության հետ: Ես դեռ չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև չեմ բացառում, որ ինձ էլ քննության կկանչեն»:
Ըստ Կիմ Բալայանի՝ իրականությունը խեղաթյուրվել է: «Միայն մի բան կարող եմ ասել՝ չի կարելի գլխի վրա շուռ տալ իրավիճակը»,- հավելեց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: