ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանի կարծիքով՝ ազգային ֆեդերացիաները հույսը չպետք է դնեն միայն պետական ֆինանսավորման վրա, այլ կողմնակի եկամուտներ փնտրեն:
«Բասկետբոլի ֆեդերացիան մինչ այս մեծ և ծավալուն աշխատանք կատարեց մարզաձևի զարգացման տեսանկյունից: Ինչպես գիտեք, նախկին «Միկա» մարզահամալիրը ՊԵԿ-ի ենթակայության տակ էր, իսկ հիմա` նախարարության: Չեմ ուզում փակագծերը բացել և ասել, թե ինչ է իրականացվելու, բայց ժամանակի ընթացքում կտեսնեք կատարվելիք աշխատանքները: Եթե հրաժարվել ենք Եվրոբասկետի մեկ փուլի մասնակցել, դա չի նշանակում, որ բասկետբոլը անկում է ապրում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղազարյանը:
Վերջինիս խոսքով` ֆեդերացիաները չպետք է բավարարվեն միայն պետական ֆինանսավորմամբ: «Եթե բավարարվենք միայն պետական բյուջեից ստացված գումարներով, ապա չենք ունենա մեծ սպորտ»,-եզրափակեց փոխնախարարը: