Կոռուպցիան` որպես մարդկության պատմության անբաժանելի տարրերից մեկը, իր հզորությունը փորձում և հաջողվում է, երբ գտնում է պարարտ հող: Քանի դեռ գոյություն ունի անձնական շահ, կա մարդ, կլինի նաև կոռուպցիա, կամ առնվազն կոռուպցիոն գործողության դիմելու գայթակղություն: Կարելի է ենթադրել, որ մեր երկրում կոռուպցիայի ընկալման փոփոխությունը երկարաժամկետ միտում կունենա` սերմանելով կոռուպցիայի դեմ բացարձակ բացասական վերաբերմունք, որպեսզի այն ընկալվի որպես զարգացումը զսպող խոչընդոտ: Կարծում եմ` շատերը կկիսեն այն կարծիքը, որ կոռուպցիոն գայթակղությանը դիմանալու համար էթիկական-բարոյական մակարդակով կամավոր մերժումը գերադասելի է այն զուտ վախից դրդված մերժելուց:
Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը միայն ողջունելի է: Միևնույն ժամանակ պետք է զգուշանալ միամիտ վերաբերմունքից, օրինակ պնդումից, թե կոռուպցիան երկրում «հուղարկավորվել է»: Նման անզգույշ և ինքնահանգստացնող արտահայտությ ունը վտանգավոր է: Ինքնախաբեությամբ չզբաղվենք, այլ պատրաստ և պրագմատիկ լինենք այս հարցում, քանի որ անգամ տասնամյակներով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու դեպքում, այնուամենայնիվ, կոռուպցիոն երևույթներ տեղի են ունենում:
Կոռուպցիան միշտ գոյություն կունենա ցանկացած երկրում: Պետության քայլերի արդյունավետությունը կայանում է մարդուն փոքր տարիքից կոռումպացված չլինելու բարոյական նորմը սերմանելու, դրա հեռանկարային տնտեսական առավելության ընկալմամբ դաստիարակելու, ինչպես նաև արդեն կատարված կոռուպցիոն երևույթների` ժամանակին հայտնաբերելու և պատժելու մեջ: Կոռուպցիայի դեմ պայքարում դաստիարակությունը, սկսած տարրական դպրոցից, անփոխարինելի միջոց է: Սա կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն մասն է, և դրանով առավել արդյունավետ կարող է զբաղվել կրթության և գիտության նախարարության և դատաիրավական համակարգի հետ սերտորեն համագործակցության մեջ գործող կոռուպցիան կանխարգելող հատուկ մարմինը: Դաստիարակչական աշխատանքի արդյունավետության մի դրվագ բերեմ անձնական փորձից: 2011 թվականն էր: Աղջիկս` Աննան, սովորում էր Սինգապուրի պետական տարրական դրպոցներից մեկի չորրորդ դասարանում: Մի օր տանը զրուցելիս հարցեր տվեց Հայաստանում դպրոցների մասին: Խոսակցության կոնտեքստում օրինակ բերեցի, որ կարող են լինել դեպքեր, երբ ուսուցիչը աշակերտին ցածր գնահատական նշանակի, որպեսզի հետո այդ աշակերտը նույն ուսուցչի մոտ լրացուցիչ պարապի` հետագայում գնահատականը բարձրացնելու ակնկալիքով: Աննան հանգիստ նստած վիճակից միանգամից առաջ եկավ ու լարվելով ասաց (մեջբերում եմ բառացի). «Ո՞նց, էդ corruption ա:» Ես հասկացա, որ դպրոցը, իհարկե ունենալով նաև ընտանիքի աջակցությունը, արել է իր կարևոր դաստիարակչական գործը:
Հ.Գ. 2015թ.-ի մարտ ամիսն էր, երբ մահացավ Սինգապուրի Հանրապետության հիմնադիր և երկարամյա վարչապետ Լի Կուան Յուն: Նրա մարմինը երկրի խորհրդարանից, որտեղ այն տեղադրված էր վերջին հրաժեշտի համար, պետք է տեղափոխվեր մի դահլիճ` սգո պաշտոնական արարողության անցկացման համար: Սինգապուրում կան ամենաբարձրակարգ երևի թե մի քանի տասնյակ դահլիճներ: Սակայն կառավարությունն ընտրեց երկրի համար ամենամեծ նվաճումը համարվող` Սինգապուրի ազգային համալսարանի դահլիճը` դրանով ընդգծելով երկրի զարգացման համար կրթության առաջնային և անգերազանցելի դերը: Ի դեպ, շարասյունը խորհրդարանից մինչև համալսարան տանող ճանապարհը, ինչպես հատուկ ընտրվել էր և հայտարարվել կառավարության կողմից, անցավ Կոռուպցիոն գործունեության կանխարգելման բյուրոյի շենքի մոտով` հատուկ ընդգծելու պետականաշինության գործում այդ հաստատության առանցքային նշանակությունը:
Վահագն Վարդանյան, Գիտությունների դոկտոր – PhD (աշխարհաքաղաքականություն և քաղաքական աշխարհագրություն), Հան (չինական) ակադեմիայի փոխտնօրեն, ք. Հոնկոնգ
Ամբողջությամբ՝ hetq.am