Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չգիտեմ՝ որքանով է հիմա տեղին հիշել այս իրադարձությունը, բայց իրավագիտության նկատմամբ պրիմիտիվ վերաբերմունքը, «ամբոխների» կամ ֆեյքերի բանակներին իրավունքի մասին խոսելուն զոռ տալը, բերում է խայտառակ իրավիճակների: Իրավաբանությունից, դատավարությունից կարող է խոսել միայն այն մարդը, ով իր կյանքն է դրել այդ մասնագիտության համար, ընդ որում, ոչ թե ինքնահարստացման ու կաշառքի համար, այլ պարզապես իր ոգու կանչով:
2009 թվականին եղել եմ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչը Երևանի ավագանու առաջին ընտրությունների վիճարկման գործում: Ի դեպ դա միակ ընտրություններն են Հայաստանում, երբ դատարանը հրաժարվեց հայցը ընդունել վարույթ մի ծիծաղելի հիմնավորմամբ՝ լիազորողներից մեկը հետ էր կանչել իր ստորագրությունը: Ես պնդում էի, որ պետք է դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, բայց ընտրություններից կարճ անց՝ դա 2009 թվականի մայիսն էր, ՀԱԿ առաջին դեմքերից մեկը ասաց, որ այսուհետ իրավական բլոկը ղեկավարելու է նախկին զինդատախազ Գ.Ջհանգիրյանը և հարցը պետք է նրա հետ համաձայնեցնել: Ես պատասխանեցի, որ այդ դեպքում կարող են վստահ լինել, որ իրավական բլոկ այսուհետ իրենք չունեն և իմ համագործակցությունը՝ իրավաբանական առումով, այդ օրվանից դադարեց:
Ասել եմ նաև, որ մարդու իրավունք ոտնահարելը և պաշտպանելը թեպետ ունեն նույն օբյեկտը, այդուհանդերձ բավականին տարբեր բաներ են, ու եթե զբաղվել ես մեկով, չի նշանակում, որ մյուսն էլ քո մոտ կստացվի: Ինչո՞ւ սա հիշեցի:
Հարգելիներս, քրեական դատավարությունը, քրեական իրավունքը ամեն մեկի բան չէ, դատախազ լինելը, քննիչ լինելը կամ փաստաբան լինելը դեռ չի նշանակում, որ մի բան հասկանում ես այդ ամենից: Ընտրեք ճիշտ մոտեցումներ, որ չհայտնվեք տարօրինակ իրավիճակներում, ինչպես եղավ այսօր…»: