Հայտնի ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի հետ զրուցելիս անհնար է ձանձրանալ, ինքներդ էլ չեք զգա՝ ինչպես ժամացույցի սլաքները փոխվեցին։ Այս անգամ տիկին Բեկիրսկա-Թամազյանը մեզ տեղափոխում է ճանապարհորդությունների աշխարհ. երկրներ, որտեղ հնարավոր է՝ չեք եղել, սակայն, վստահ ենք, հարցազրույցն ընթերցելուց հետո կոգեշնչվեք ու կցանկանաք այցելել։
–Ի՞նչ է Ձեզ համար ճանապարհորդությունը, ինչու՞ եք հաճախ ճանապարհորդում։
-Կյանքում գալիս է մի տարիք, երբ հասկանում ես, որ շատ դեպքերում առօրյայում քեզ ուժ ու եռանդ են տալիս նաև հիշողություններդ, փորձում ես գտնել ամենավառ տպավորությունները, որոնք հիմնականում կապված են լինում կա’մ ընտանեկան իրադարձությունների կա’մ ճանապարհորդությունների հետ, չէ՞ որ ճանապարհորդելիս անհոգ ես, կարողանում ես ինքդ քեզ տրամադրել ժամանակդ, զգացողություններդ։ Հենց այդ շրջանում են միախառնվում և’ արտաքին ազդակները՝ տեսարժան վայրերի տեսքով և’ քո հանգիստ հոգեվիճակը, ուստի մեկը մյուսին միաձուլվելով՝ քեզ տալիս են հանդարտ և գեղեցիկ հիշողություն։ Կարծում եմ՝ կյանքում մեծ դեր ունի նոր վայրեր հայտնաբերելն ու վայելելը՝ հատկապես, երբ դրանք կապված են ինչ-որ պատմական իրադարձության հետ կամ եթե նախկինում կարդացել ես դրանց մասին, հիմա տեսնում ես քո աչքերով և այլ կերպ ընկալում։
–Ո՞րն է այն վայրը, ուր կցանկանայիք վերադառնալ։
-Դա Իտալիայում գտնվող Իսկիա փոքրիկ կղզին է, որից շատ գեղեցիկ հիշողություններ են մնացել։ Կղզին խորհրդանշում են էլեկտրիկ կապույտ գույնն ու կիտրոնը։ Կղզում դու տեսնում ես էլեկտրիկ կապույտ երանգի կավե իրեր կամ կիտրոններ՝ մեկը մյուսի հետ համադրված, կապույտ երկինք ու ծով, վարդագույն ծառեր։ Այդ վայրն իր գողգտրիկությամբ այցելել եմ շուրջ չորս տարի առաջ։
Ամբողջությամբ՝ wnews.am