Եթե պատերազմ լինի, ես և որդիներս պատրաստ ենք գալ ու մեր պարտքը կատարել. Փոլ Բիլզերյան
Advertisement 1000 x 90

Եթե պատերազմ լինի, ես և որդիներս պատրաստ ենք գալ ու մեր պարտքը կատարել. Փոլ Բիլզերյան

Դեն Բիլզերյանն ընտանիքի ու ընկերների հետ Արցախում էր: Նրանք Ստեփանակերտ են մեկնել ուղղաթիռով, իսկ օդանավակայանից նրանց ուղեկցել են զորավարժարան: Ամերիկահայ միլիոնատերն առաջին անգամ է Արցախում:

Արցախի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է՝ ուզում է հայրենիքում լավ ժամանակ անցկացնել: «Մարդկանց հետ շփումը շատ լավ էր, ամեն ինչ շատ հրաշալի է»,- ասել է Դեն Բիլզերյանը:

Դենի եղբայրը՝ Ադամ Բիլզերյանն էլ ասել է՝ իրեն հայ է զգում. «Ես ինձ հայ եմ զգում, և ոչ միայն նրա համար, որ ազգանունս «յան»-ով է ավարտվում: Ինձ բոլորը որպես հայ են ընկալում: Գուցե նաև դա է պատճառը, որ ես այստեղ ինձ ինչպես տանն եմ զգում»:

Բիլզերյաններն Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից են: Բիլզերյանն Արցախում է հոր և եղբոր հետ: Հայրը ՀՀ քաղաքացիություն է ստացել մի քանի տարի առաջ, որդիներն էլ, ՀՀ անձնագիր ստանալով, հաշվառման են կանգնել զինված ուժերում: Փոլ Բիլզերյանն ասել է՝ պատրաստ է նաև ինքը պաշտպանել հայկական հողը:

«Ես շատ եմ ուզում, որ պատերազմ չլինի, և Ադրբեջանում հասկանան, որ սա հայկական հող է: Բայց եթե հանկարծ այդպես չստացվի, ոչ միայն իմ որդիները, այլև ես պատրաստ ենք գալ ու մեր պարտքը կատարել»,- ասել է Դեն Բիլզերյանի հայրը:

news.am